Google ընկերությունն իր աշխատակիցներին թույլ կտա մինչեւ 2020թ․ վերջը տնից աշխատել, գրում է Forbes-ը։

Որոշումն ընդունվել է այս շաբաթ այլ տեխնոհսկաների կողմից նման հայտարարություններ անելուց հետո։

Եթե անվտանգության հարցերով տեղական ուղեցույցները թույլ տան, ապա ընկերությունը կսկսի իր գրասենյակներն արդեն հունիսին բացել, սակայն ընկերության աշխատակիցների մեծ մասը, ամենայն հավանականությամբ, աշխատանքը մինչեւ տարվա վերջը տնից կշարունակի, հաստատել են ընկերությունում։

Ավելի վաղ նման հայտարարություններով հանդես էին եկել Amazon-ը եւ Slack-ը, որոնք նշել էին, որ իրենց աշխատակիցները մինչեւ սեպտեմբեր-հոկտեմբեր կաշխատեն տնից, եւ մշտական գրասենյակային աշխատողները, հնարավոր է, նույնիսկ ամառվանից հետո չվերադառնան աշխատանքի սովորական ձեւին։

Սիլիկոնյան հարթավայրում եւ Սիեթլում տեխնոընկերությունները առաջիններից էին ԱՄՆ-ում, որոնք թույլ էին տվել իրենց աշխատակիցներին տնից աշխատել։ Փորձագետների կարծիքով՝ այս միջոցառումները կանխել են կորոնավիրուսով վարակման դեպքերի ավելացումը Սան Ֆրանցիսկոյի եւ Սիեթլի շրջանում։