Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ ֆինասավորմամբ սկսվել եւ ընթանում են նորաստեղծ թաղամասի էլեկտրական ենթակայանի եւ էլեկտրահաղորդման գծերի կառուցման աշխատանքները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Վերին Գետաշենի գյուղապետ Ռուբիկ Ղուկասյանը, նորակառույց էլեկտրական ենթակայանը՝ իր էլեկտրահաղորդման սպասարկման գծերով, ծառայելու է նորաստեղծ «Ղռաջներ» թաղամասի 50 ընտանիքների կարիքներին:
«Այս թաղամասն առաջացել է վերջին 10 տարիների ընթացքում եւ հիմնականում ապահովված է խմելու եւ ոռոգման ջրով, բնական գազով: Իսկ էներգամատակարարումը թաղամասին կատարվում էր անկանոն, անբավարար, քանի որ թաղամասի բնակիչները էլէկտրական հոսանք ստանում էին տարբեր գերբեռնված ենթակայաններից: Ընդառաջելով բնակչության դիմումներին՝ ՀԷՑ ընկերությունը իր միջոցներով սկսեց ենթակայանի եւ էլեկտրահաղորդման գծերի շինարարությունը, որը կավարտի հաջորդ շաբաթվա ընթացքում: Միչնչեւ տարեմուտ թաղամասը կունենա կանոնավոր եւ բավարար էներգամատակարարում»,- հավաստեց համայնքի ղեկավար Ռուբիկ Ղուկասյանը:
Խոսրով Խլղաթյան