Միայն 2014թ.-ի ընթացքում շրջակա միջավայրի պահպանության դրամագլուխ է փոխանցվել է 441.6 մլն դրամ, իսկ բնակչության անվտանգության ու առողջության ապահովման նպատակով մշտադիտարկումների կատարման համար հատկացվել է 39 մլն դրամ: Այս մասին դեկտեմբերի 22-ին, տարվա ամփոփիչ ասուլիսի ժամանակ լրագրողներին տեղեկացրեց ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը:
«Այս տարի նշանակալից ձեռքբերումներ են գրանցվել շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին և օգտակար հանածոների արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի և դրանց հարակից համայնքերի բնակչության անվտանգության ու առողջության ապահովման նպատակով մշտադիտարկումների իրականացման նպատակով վճարումների համալրման հարցում:
Հանքը շահագործելուց առաջ պայմանագիր է կնքվում, որի համաձայն' շահագործողները պատասխանատվություն են ստանձնում' հանքի շահագո րծման ավարտից հետո իրականացել ռեկուլտիվացիայի աշխատանքներ, սակայն պարզվել է, որ որոշ տարածքներում դրանք ժամանակին չեն իրականացվել, նույնիսկ գումարներ չեն փոխանցվել: Իսկ խնդիրն այն է, որ յուրաքանչյուր տարածքի համար հատկացված գումարները պետք է ծախսվեն տվյալ տեղանքի համար», - նշեց Արամայիս Գրիգորյանը:
Բնապահպանության նախարարն ընդգծեց նաև, որ 2004-2014թթ. շրջակա միջավայրի պահպանության դրամագլխում կուտակվել է ընդհանուր' 879,17մլն դրամ գումար: Այս տարի նախարարությունը պիլոտային ծրագրեր է իրականացրել' շահագործման փուլն ավարտած հանքավայրերի տարածքում ռեկուլտիվացիոն աշխատանքների ուղղությամբ:
Այդ առումով հանքարդյունաբերողներին ծանուցագրեր են ներկայացվել պարտավորությունների վերաբերյալ, և նախատեսվում է կառավարությունից հավելյալ գումարներ խնդրել' ժամանակին ռեկուլտիվացիա չենթարկված տեղամասերում այդ աշխատանքը կատարեու համար: