Ի պատասխան զանգվածային լրատվամիջոցներով տարածված տեղեկատվությանը՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից հայտնում են, որ հիմք ընդունելով 2014 թվականի դեկտեմբերի 21-ի Հայաստանի Հանրապետության ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կողմից Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանն ուղարկված թիվ 10/1-2-4799 գրությունը' Ծառայության աշխատակիցները սույն թվականի դեկտեմբերի 21-ին մասնակցել են Երևան քաղաքի «Նորքի շուկա» և «Մալաթիայի թիվ 4 շուկա» ՍՊԸ-ների տարածքներում գործող մսի վաճառքի կետերում ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կողմից իրականացված ստուգայցերին:

 

Ստուգայցերի ընթացքում Ծառայության աշխատակիցների կողմից «Մալաթիայի թիվ 4 շուկա» ՍՊԸ-ի և «Նորքի շուկա» ՍՊԸ-ի տարածքներում վաճառվող խոզի մսեղիքներից կատարվել է նմուշառում' թվով 20 նմուշ:

 

Նմուշները տեղափոխվել են ՀՀ ԳՆ ՍԱՊԾ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ' անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնելու նպատակով:

 

Ծառայության աշխատակազմի անասնաբուժության տեսչության աշխատակիցների կողմից անմիջապես տրվել է հանձնարարական' ձեռնարկելու սննդի համար ոչ պիտանի մսեղիքի ոչնչացման աշխատանքներ:

 

Սննդում ոչ պիտանի մսեղիքի վաճառքը կասեցվել է, խմբաքանակը շուկայից դուրս է բերվել և կապարակնքվել է:

 

Բացի այդ, ՀՀ ԳՆ ՍԱՊԾ պետի հրամաններով 2014 թվականի դեկտեմբերի 22-ից մինչև 30-ը Հանրապետության բոլոր մարզերում և Երևան քաղաքում իրականացվում են շուկայահանված մսի դիտարկումներ՝ մակնշման և պահման պայմաններին ներկայացվող պահանջների նկատմամբ: