Հավաքական անվտանգության պայմանագրային կազմակեպության անդամ պետությունների ղեկավարները հերթական անգամ վերահաստատել են ղարաբաղյան հիմնախնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու անհրաժեշտությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նշվում է ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների տարածած հաղորդագրության մեջ:
«Մենք' ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներս, ընդգծում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը' ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ հիմնախնդրի կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքների հնարավորինս արագ իրականացումը' հիմնված միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի,
ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի հետ' մասնավորապես կապված ուժի չկիրառման կամ ուժի կիրառման սպառնալիքի բացառման, պետությունների տարածքային ամբողջականության, իրավահավասարության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքների հետ»,- ասվում է ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հայտարարության մեջ:
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում է գտնվում Նախագահ Սերժ Սարգսյանը, ով այսօր Մոսկվայում մասնակցել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին: Իր ելույթում Սերժ Սարգսյանը գործընկերներին տեղեկացրել է Հարավային Կովկասի տարածաշրջանում իրավիճակի, մասնավորապես, ընթացիկ տարում հայ-ադրբեջանական պետական սահմանին և շփման գծում տեղի ունեցած միջադեպերի մասին՝ ընդգծելով, որ Հայաստանը միանգամայն անընդունելի է համարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ լարվածության շիկացումը և մեր տարածաշրջանի ռազմականացումը: