ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել Երևանի պարարվեստի պետական քոլեջի 90-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառմանը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, շնորհավորելով քոլեջի անձնակազմին և սաներին հոբելյանի առթիվ՝ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ կրթօջախն անցել է ինը տասնամյակների երկար ու ձիգ ճանապարհ' կերտելով ստեղծագործական ձեռքբերումներով լի հարուստ ու բեղմնավոր կենսագրություն, դառնալով մեր ազգային պարարվեստի ավանդույթները պահպանող ու զարգացնող մշակութային յուրօրինակ օջախ, որն իր սեփական դիմագիծն ու հաստատուն տեղն ու նի մեր երկրի մշակութային կյանքում:
«Տարիներ շարունակ ձեր շրջանավարտներով են համալրվում Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային խումբը, Հայաստանում և հայկական սփյուռքում գործող պարային տարբեր համույթներ:
Քոլեջի սաները փայլել և փայլում են աշխարհի հեղինակավոր բեմերում' Մոսկվայի Մեծ թատրոնում, Սանկտ Պետերբուրգի Մարինյան թատրոնում, Փարիզի Գրանդ օպերայում և այլ հարթակներում' արժանանալով խստապահանջ ու բարձրաճաշակ հանդիսատեսի բարձր գնահատականին:
Գնահատելի է նաև մեր մշակույթի տարածմանն ուղղված' ձեր շրջանավարտների հայապահպան գործունեությունը»,- նշել է վարչապետը՝ քոլեջի անձնակազմին, սաներին, պարարվեստի երկրպագուներին մաղթելով առողջություն, ամենայն բարիք ու անսպառ եռանդ՝ իրականացնելու նոր ծրագրեր ու մտահղացումներ, հասնելու նորանոր հաջողությունների:
ՀՀ նախագահի Սերժ Սարգսյանի հրամանագրով Երևանի պարարվեստի պետական քոլեջի 90-ամյակի կապակցությամբ, մշակույթի բնագավառում երկարամյա մանկավարժական գործունեության համար Երևանի պարարվեստի պետական քոլեջի բաժնի վարիչ Տաթևիկ Ղարիբյանը պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով:
Այն Տաթևիկ Ղարիբյանին հանձնել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը: ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով Երևանի պարարվեստի պետական քոլեջի 90-ամյակի կապակցությամբ, մշակույթի զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար Երևանի պարարվեստի պետական քոլեջի ուսուցիչ Անուշ Պետրոսյանին շնորհվել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչում:
Երևանի պարարվեստի պետական քոլեջի 90-ամյա հոբելյանի կապակցությամբ ՀՀ մշակույթի նախարարության «Երևանի պարարվեստի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ը պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով, որը Հովիկ Աբրահամյանը հանձնել է քոլեջի տնօրեն Հասմիկ Մարկոսյանին:
Միջոցառմանը մասնակցել են քոլեջի սաները, ուսանողները, տարբեր տարիների շրջանավարտներ, ինչպես նաև Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային խումբը և նվագախումբը: