Երևանի քաղաքապետ ՀայկՄարությանը Պարի միջազգային օրվա առթիվ հյուրընկալել է պարարվեստի գործիչներին: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, շնորհավորելով մասնագիտական օրվա առթիվ՝ քաղաքապետը շնորհակալություն է հայտնել նրանց մշակութային ավանդույթները պահպանելու և զարգացնելու համար:

«Երևանի քաղաքապետարանը, մեր թիմը, բացի ամենօրյա կենցաղային խնդիրներից, անչափ կարևորում է նաև մայրաքաղաքի մշակութային օջախների գործունեությունն ու Երևանի մշակութային կյանքը: Քանի որ, եթե չկա մշակույթը, մնացածն արդեն ընդհանրապես իմաստ չունի, և այդ մշակույթի կրողները դուք եք: Դուք անում եք այն դժվար գործը, որ տանում եք առաջ մեր մշակութային կյանքը, պահում եք ավանդույթները և զարգացնում դրանք: Տարիներ շարունակ եղել է մոտեցումը` կարևոր հարցերը լուծենք, վերջում էլ ինչ մնաց՝ տանք մշակույթին, բայց ես վստահեցնում եմ  ձեզ, որ այսուհետ Երևանի քաղաքապետարանը լրիվ այլ մոտեցում է որդեգրել»,- ընդգծել է քաղաքապետը:

Երևանի քաղաքապետարանն այս տարի որոշակի փոփոխություններ է իրականացրել պարգևատրման կարգում. այսուհետ քաղաքապետի պարգևների կարժանանան տվյալ կազմակերպության ներկայացրած աշխատակիցները:

«Մենք փորձել ենք, որ ամեն կոլեկտիվ և ամեն կոլեկտիվի ղեկավար ինքը ներկայացնի այն արտիստներին, որոնց ցանկանում է պարգևատրել: Մենք գտնում ենք, որ կոլեկտիվի ղեկավարները, գեղարվեստական ղեկավարները, տնօրենները ամբողջ տարին իրենք են աշխատում տվյալ արտիստի հետ ու, իրենցից բացի, ոչ ոք ավելի լավ չի կարող գնահատել իր արտիստին: Վստահ եմ, որ արդարության ու թափանցիկության այս սկզբունքով մենք կկարողանանք Երևանում ի հայտ բերել և բացահայտել լավագույններին, այն մարդկանց, որոնք կարևոր են իրենց կոլեկտիվներում, այն մարդկանց, որոնց գնահատում է իրենց կոլեկտիվի ղեկավարը»,- իր հերթին նշել է փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը:

Պարի միջազգային օրվա առթիվ, բալետի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի և կատարողական բարձր վարպետության համար Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի դերասան Վահագն Մարգարյանը հետմահու պարգևատրվել է Երևանի քաղաքապետի Ոսկե մեդալով:

Պարարվեստի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար Հայաստանի պարի պետական համույթի պարուհի Ինգա Ավդալյանը և «Սարդարապատ» պարային համույթի պարուսույց-բալետմայստեր Էդգար Հակոբյանը պարգևատրվել են  «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» մեդալով:

Պարավեստի մի շարք գործիչներ էլ արժանացել են Երևանի քաղաքապետի պատվոգրերի: