Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրին՝ քաղաքապետ Մարությանը կարևորել է դեսպանի դերը հայ-ճապոնական համագործակցության զարգացման գործում։
Հայկ Մարությանը նշել է, որ թեև Երևանը դեռ չունի գործընկերային ուղղակի կապեր Տոկիոյի կամ Ճապոնիայի այլ խոշոր քաղաքների հետ, սակայն գոյություն ունի փոխշահավետ համագործակցության լայն դաշտ՝ քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներին վերաբերող կոնկրետ ծրագրերի շրջանակներում:
«Տեղյակ եմ, որ նախկինում տեխնիկական աջակցության տարբեր ծրագրեր են իրականացվել, որի համար, օգտվելով առիթից, հայտնում եմ իմ երախտագիտությունը: Միաժամանակ, Ձեր աջակցությունն եմ հայցում նաև Ճապոնիայի կառավարության, ինչպես նաև մասնավոր սեկտորի և այլ ձևաչափերով ծրագրերում տեխնիկական աջակցության և ներդրումների ներգրավման նպատակով Երևան քաղաքն ընդգրկելու հարցում», - նշել է քաղաքապետը: Նա մասնավորապես առանձնացրել է տրանսպորտի և աղբահանության բնագավառում հաջողված փորձ ունեցող ճապոնական քաղաքների հետ փորձի փոխանակման կարևորությունը:
Դեսպան Ջուն Յամադան շնորհավորել է Հայկ Մարությանին՝ Երևանի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, և իր հերթին հույս հայտնել, որ երկու երկրների խոշոր քաղաքները կխորացնեն համագործակցությունը: Նշելով, որ վերջին շրջանում աշխուժացել է ճապոնացի զբոսաշրջիկների հոսքը Հայաստան՝ դեսպանը հույս է հայտնել, որ հայաստանցիները ևս կսկսեն ավելի հաճախ գործարար և զբոսաշրջային այցեր կատարել Ճապոնիա, հատկապես, որ վերջերս երկու երկրների միջև մուտքի արտոնագիր ստանալու գործընթացն ազատականացվել է: