«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եղել է Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի՝ մոտ մեկ ամիս առաջ տեղի ունեցած հանդիպման առանցքային թեմաներից մեկը: Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանին տեղյակ է պահել, որ Սեյրան Օհանյանը, մեծ հավանականությամբ, կդառնա 2018 թ. նախագահական ընտրություններում իշխանության թեկնածուն՝ անկախ նրանից՝ Սահմանադրությունը փոփոխությունների կենթարկվի, թե՝ ոչ: Ռոբերտ Քոչարյանը, մեր տեղեկություններով, ասել է, որ Օհանյանն իր համար կարող է ընդունելի թեկնածու լինել, բայց որևէ հավաստիացում չի տվել, թե սեփական թեկնածությունը չի առաջադրի 2018-ի ընտրություններում: Բանն այն է, որ եթե ԲՀԿ-ն և Գագիկ Ծառուկյանը պաշտպանեն Քոչարյանին, վերջինս կառաջադրի իր թեկնածությունը նախագահական ընտրություններում: Իսկ եթե ԲՀԿ-ն որոշի նախագահական ընտրություններին մասնակցել այլ թեկնածուով, ներառյալ Գագիկ Ծառուկյանին, Ռոբերտ Քոչարյանը կպաշտպանի Սեյրան Օհանյանի թեկնածությունը:
ԲՀԿ-ի հատկապես գործարար թևում սկսել են փսփսալ, թե այսպիսի դասավորության պարագայում Գ. Ծառուկյանի առաջադրումը՝ որպես նախագահի թեկնածու, շատ ավելի ռիսկային քայլ է դառնում, որովհետև մեծ է հավանականությունը, որ Օհանյանը կստանա բանակի աջակցությունը: Իսկ ԲՀԿ գործարար թևում Ծառուկյանի առաջադրումը իմաստավորված են համարում միայն այն պարագայում, եթե նա դե ֆակտո իշխանության թեկնածու դառնա: Սեյրան Օհանյանի առաջադրման պարագայում, սակայն, նման հավանականությունը չափազանց փոքր թվում: Եթե բանակը և ոստիկանությունը համախմբվեն նրա թեկնածության շուրջ, սա նշանակում է, որ պետական ողջ ապարատը կենտրոնանալու է այս թևում, ինչը, իր հերթին, հօդս է ցնդեցնելու ընդդիմադիր-իշխանական թեկնածու դառնալու ԲՀԿ նախագահի բոլոր հույսերը»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում