«Քրդստանի համայնքների միություն» կազմակերպության (KCK) ղեկավար խորհրդի անդամ Մուրադ Քարայըլանը հայտարարել է, որ «քրդական խնդրի լուծման գործընթացը հաջող ավարտ ունենալու դեպքում» Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանը, ով ցմահ բանտարկության է դատապարտված Իմրալի բանտում, կմասնակցի 2015 թվականի ապրիլին անցկացվելիք PKK 12-րդ համագումարին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, իրաքյան Քրդստանի Rojnews լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Քարայըլանը թուրքական ղեկավար շրջանակներին զգուշացրել է, որ եթե քրդական խնդրի լուծման գործընթացի հետ կապված քայլեր չկատարվեն, ապա իրենք կրկին պատերազմ կսկսեն Թուրքիայում' ամռանն անցկացվելիք խորհրդարանական ընտրություններից առաջ:
«Օջալանը մեզ եւ թուրքական պետությանը խնդրի լուծման համար նախագիծ է ուղարկել: Մենք այն քննարկել ենք եւ այդ նախագծի շրջանակում պատրաստ ենք քրդական խնդրի լուծմանը: Նախագծում Օջալանն առաջարկում է փետրվարի 15-ին բանակցություններ սկսել պետության հետ: Օջալանը նախագծում նշել է, որ եթե գործընթացը հասնի նպատակին, ապա մարտի 15-ին կդադարեցվի թուրքական պետության դեմ զինված պայքարը: Ապրիլի 15-ին Իրաքյան Քրդստանում անցկացվելիք PKK համագումարում կորոշենք' կվերածվենք քաղաքական ուժի՞, թե կշարունակենք զինված պայքարը: Ներկա պահին մեր օրակարգում զենքը վայր դնելու հարց չկա: Դա կորոշվի համագումարում, որին, գործընթացի հաջողության դեպքում, կմասնակցի նաեւ Օջալանը», -ասել է Քարայըլանը: