Թուրքիայի քրդական «Խաղաղություն և ժաղավրդավարութուն» կուսակցության պատգամավոր Փերվին Բուլդանը հայտնել է ժամկետը, թե երբ կարող է ազատության մեջ հայտնվել Աբդուլլահ Օջալանը: Ինչպես հաղորդում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը, քուրդ պատգամավորի խոսքով, 2015 թվականը լինելու է այն տարին, երբ Օջալանը ազատություն ձեռք կբերի:

 

Տեղեկացնելով, որ Դիարբեքիրում Օջալանի նամակը քրդերեն հենց ինքն է կարդալու' Բուլդանը հայտարարել է, որ 2015 թվականը քրդերինն է լինելու: «2015 թվականը բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակման տարին է լինելու: 2015 թվականին Օջալանը ազատություն կստանա»,- ասել է քուրդ պատգամավորը:

 

Մարտի 21-ին Դիարբեքիրում քրդերի Նովրուզի ժամանակ նախորդ տարվա նման ընթերցվելու է Աբդուլլահ Օջալանի նամակը:

 

1980-1998 թվականներին Օջալանը բնակվել է Սիրիայում, որտեղից էլ ղեկավարել է Թուրքիայում ահաբեկչական համարվող Քրդական աշխատավորական կուսակցությունը (PKK): 1998 թվականինԱնկարայի ճնշման տակ Սիրիայի նախագահ Հաֆեզ Ասադը խնդրում է Օջալանին լքել երկիրը։ 1999 թվականին Քենիայում նրան ձերբակալում են և տեղափոխում Թուրքիա։ Թուրքական դատարանը Օջալանին դատապարտում է մահապատժի հայրենիքի դավաճանության մեղադրանքով,սակայն Եվրախորհրդի օրենքների համաձայն, այդ վճիռը հետագայում փոխվում է ցմահ ազատազրկման։