ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Լեւոն Մնացականյանն անդրադարձել է վերջին շրջանում Արցախում ապրանքների գնաճին ու ներկայացրել դրանց նվազեցման դեմ կատարվող աշխատանքները։

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով Karabakh open-ը, այս օրերին հանձնաժողովն իր լիազորությունների շրջանակներում ավելի ակտիվորեն է դիտանցումներ իրականացնում: Շաբաթական մեկ անգամվա փոխարեն այժմ ստուգումներ կատարվում են երկու օրը մեկ անգամ:

 

«Տնտեսավարողների հետ աշխատանք է տարվում հնարավորինս կանխելու թանկացումները»,- նշել է Լեւոն Մնացականյանը՝ ավելացնելով, որ առեւտրի կետերում զգուշացումներ արդեն արվել են եւ խախտում կատարող ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներ կկիրառվեն։

 

«Հունվարից թանկացումների դեմ պայքար կծավալվի ոչ միայն առաջին անհրաժեշտության սննդամթերքի, այլեւ էլեկտրական տեխնիկայի, տնտեսական ապրանքների եւ դեղորայքի շուկաներում, սա վարչապետի հանձնարարականն է»,-հավելել է հանձնաժողովի նախագահը։