Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միության շենքի ջեռուցման համակարգի անցկացման աշխատանքներն ավարտվել են, համակարգը հանձնվել է շահագործման։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կատարված աշխատանքներին ծանոթանալու նպատակով միության շենք է այցելել Երևանի քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանը:

 

Միության շենքը հաշմանդամություն ունեցող 3000-ից ավելի շահառուների համար տարատեսակ աջակցության ու ծառայությունների համակարգման կենտրոն լինելուց բացի, նաև հաշմանդամություն ունեցող մանուկների այլընտրանքային կրթության կենտրոն է ծառայում։ Այստեղ տարբեր խմբակներ են հաճախում շուրջ 300 երեխաներ։

 

«Քաղաքապետի նախաձեռնությամբ վերջերս ասֆալտապատվեց դեպի միություն բերող ճանապարհը. այսօր միության շենքն արդեն լիարժեք ջեռուցվում է։ Վերջին երկու-երեք տարիներին քաղաքապետարանը և անձամբ քաղաքապետը մեծ ուշադրություն են դարձնում հաշմանդամություն ունեցող քաղաքացիների խնդիրներին, բազմաթիվ ծրագրերի նախաձեռնող են, ինչպես նաև մեր բազմաթիվ դիմումներին են անմիջապես արձագանքում։ Այս ամենն արդեն վերածվել է ամուր գործընկերության»,- նշել է Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միության նախագահ Հակոբ Աբրահամյանը։

 

Երևանի քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանը վստահեցրել է, որ 2015 թվականին հաշմանդամություն ունեցող անձանց պայմանների բարելավման ծրագրերը շարունակական են լինելու: «2015 թվականին ծրագրերն ավելի հագեցած են լինելու, շարունակական ու նորովի: Արդեն գույքագրել ենք մայթերը, որտեղ թեքահարթակ կառուցելու անհրաժեշտություն կա. դրանք 1471-ն են։

 

Շարունակվելու է աջակցությունը «Հայ մայրեր» հասարակական կազմակերպության՝ մանկական ուղեղային կաթված ախտորոշմամբ երեխաների վերականգնողական այլընտրանքային բուժման ծրագրին և այլն։ Ի դեպ, այս ծրագրում մեր հաջողությունը ոչ միայն արդյունքն է, որ արձանագրվեց բուժման կուրսերի ավարտին, այլ նաև այն, որ քաղաքապետարանը օրինակ դարձավ մի շարք կազմակերպությունների համար, ովքեր ևս նախաձեռնեցին կամ աջակից եղան նմանատիպ այլ ծրագրերի»,- նշել է քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանը։

 

«Փյունիկ» միություն հաճախող երեխաների ծնողները Սամվել Մերթարջյանին խնդրել են շնորհակալություն հայտնել քաղաքապետին, քանի որ ջեռուցման շնորհիվ իրենց երեխաները կարող են ձմռան ամիսներին ևս հաճախել կենտրոն։

 

Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միությունում այսօր նաև ամանորյա փոքրիկ միջոցառում է անցկացվել' հեքիաթային ու մուլտհերոսների կերպարների մասնակցությամբ։