Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հուսով է մինչեւ 2015 թվականի հունվարի 1-ը բուժման համար մեկուսացնել բոլոր նրանց, ում մոտ հաստատվել է Էբոլա տենդի մահացու վիրուսի առկայությունը երեք առավել վարակված երկրներում՝ Լիբերիայում, Սիեռա Լեոնեում եւ Գվինեայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է այդ վիրուսի հետ կապված իրադրության վերաբերյալ փաստաթղթում, որը ԱՀԿ-ն հրապարակել է դեկտեմբերի 24-ին:
Ավելի վաղ ԱՀԿ-ի՝ Էբոլա տենդի դեմ պայքարի խմբի ղեկավար, բելգիացի միկրոկենսաբան Պետեր Պիոտը BBC-ին տված հարցազրույցում այն կարծիքն Է հայտնել, որ Արեւմտյան Աֆրիկայում Էբոլայի դեմ պայքարը կշարունակվի առնվազն մեկ տարի: Փորձագետը նաեւ նախազգուշացրել Է, որ ներկայիս համաճարակը վերջինը չի լինի, իսկ այնպիսի պատվաստանյութ պատրաստելու համար, որը կկարողանա հաղթել մահացու հիվանդությանը, ժամանակ կպահանջվի:
Դեկտեմբերի 23-ին ԱՀԿ-ի հրապարակած տվյալների համաձայն՝ Էբոլա վիրուսի հարուցած հիվանդության զոհերի թիվը հասել է 7 հազար 565-ի, վարակված է 19 հազար 431 մարդ: ԱՀԿ-ի վիճակագրական նյութերում նշված հիվանդանալու բոլոր դեպքերը վերաբերում են երեք երկրի՝ Գվինեային, Լիբերիային եւ Սիեռա Լեոնեին:
Իրադրությունն առավել ծանր է Լիբերիայում, որտեղ մահացել է 3 հազար 376 մարդ, հիվանդացել՝ 7 հազար 830-ը:
Ներկայում աշխարհի մի շարք երկրներում մարդկանց վրա փորձարկվում են Էբոլայի դեմ առավել հեռանկարային պատվաստանյութերը, սակայն դրանցից ոչ մեկն առայժմ չի ապացուցել իր արդյունավետությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: