Դեկտեմբերի 25-ի ուշ երեկոյան այրվել է Բաթումի գլխավոր ամանորյա տոնածառը, որը տեղադրված էր Արգոնավորդների հրապարակում՝ Աջարիայի Ինքնավար Հանրապետության կառավարության շենքից ոչ հեռու:

 

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին, ըստ նախնական վարկածի, հրդեհի պատճառ է դարձել կարճ միացումն արհեստական եղեւնու վրա տեղակայված ամանորյա լուսավորման համակարգում:

 

Բռնկումը վերացնելուց հետո Բաթումի քաղաքապետարանի աշխատակիցներն օպերատիվ ռեժիմով ձեռնամուխ են եղել եղեւնու՝ կրակից տուժած հատվածների վերականգնմանը:

 

Բաթումի Արգոնավորդների հրապարակում այս տարի պետք է անցկացնեն քաղաքի հիմնական տոնական միջոցառումները: Այստեղ տեղակայված են վրաններ, որտեղ վաճառում են ամանորյա հուշանվերներ, զարդարանքներ եւ երեխաների համար նախատեսված քաղցրավենիք: Գործում են նաեւ ատրակցիոններ, բեմահարթակ է տեղադրված ամանորյա համերգի համար: