Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանձնարարականով 16-ամյա թուրք աշակերտին ձերբակալելու որոշումը դժգոհություն է առաջացրել երկրում: Ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության երիտթևի ներկայացուցիչները Քադըքյոյում բողոքի ակցիա են արել' պահանջելով ազատ արձակել Մ. Է. Ա.-ին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը , այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:
Ներկաները պաստառներ են պահել «Մեհմեթ Էմինը միայնակ չէ» գրությամբ' գոչելով. «Էմին ընկերը միայնակ չէ», «Մուստաֆա Քեմալի զինվորներն ենք», «Ձերբակալություններն ու կալանքները մեզ չեն կարող վախեցնել»: Խմբի անունից ելույց ունեցող Փամիր Քյուչուքչընարը նշել է, որ 16-ամյա աշակերտին ձերբակալել են նրա ընկերների աչքի առաջ: «Սա ինչ անհանդուրժողականություն է, ինչ ատելություն է, որ որոշվել է 16 տարեկան երիտասարդին կալանավորված դատել»,- ասել է Քյուչուքչընար' հայտարարելով, որ այդպիսի արդարություն չի լինում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շարունակում է լռեցնել և պատժել բոլոր այն անձանց, ովքեր համարձակվում են իր հասցեին որևէ քննադատական խոսք հնչեցնել: Էրդողանի կամքով' Քոնիայում ոստիկանները դպրոց գնալու ճանապարհին ձերբակալել են 16-ամյա աշակերտի: Մ. Է. Ա.-ն մեղադրվում է Էրդողանի հասցեին վիրավորանք հնչեցնելու մեջ: Անչափահասը տարվել է Քոնիայի Առաջ ին ատյանի քրեական դատարան: Հաղորդվում է, որ ավելի վաղ Քոնիայում տեղի ունեցած ցույցերից մեկի ժամանակ աշակերտը հայտարարել էր. «Որպես ժողովրդական աշակերտներ' հայտարարում ենք, որ թալանի, կաշառակերության, գողության գլուխ հանդիսացող Էրդողանին տեսնում ենք որպես ոչ թե մեր նախագահ, այլ ապօրինի պալատի գող տեր»:
Եթե Մ. Է. Ա.-ի դեմ հարուցվի քրեական գործ, ապա համաձայն Թուրքիայի քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի' 16-ամյա աշակերտը նախագահին վիրավորելու համար կարող է դատապարտվել 1-4 տարի ազատազրկման: