«Ստամբուլում կայած պատրիարքարանի տեղապահի ընտրությունները փաստեցին, որ Արամ Աթեշյանի ազդեցության տակ գտնվող հոգևորականներն անգամ դեմ արտահայտվեցին նրան՝ հաշվի առնելով, որ պատրիարքի ընտրությունների ժամանակ նա ստացավ իր ազդեցության տակ գտնվողների շատ չնչին տոկոսի ձայները»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

 

Թուրքագետի փոխանցմամբ՝ Արամ Աթեշյանը ընտրություններից հետո հրապարակել է Ստամբուլի փոխնահանգապետի գրությունը, որն իրավական որևէ հիմնավորում չունի: Ըստ բանախոսի՝  Ստամբուլի փոխնահանգապետը չի կարող եկեղեցական խնդիրներին միջամտել, նա այդ լիազրությունները չունի: «Թուրքիան այն պետությունն է, որտեղ օրենքով է ամրագրված՝ պետությունը չի կարող միջամտել եկեղեցու ներքին գործերին: Աթեշյանը Ստամբուլի փոխնահանգապետի գրությունը ներկայացնելով, ըստ էության, հակասում է թուրքական օրենքներին: Աթեշյանի գրությունը, որը նա հրապարակեց իր պարտությունից հետո, որևէ իրավական հիմնավորում չունի, բացի այդ՝ ես չեմ կարծում, որ Ստամբուլի փոխքաղաքապետն այդքան քաջատեղյակ է տեղապահի ընտրությունների մասին, ուստի այս գրությունը հայկական ձեռագիր է կրում»,-մանրամասնեց թուրքագետը: 

 

Ռուբեն Մելքոնանը Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից  զգուշավորությւն համարեց այն, որ թեև պաշտոնապես ընտրված տեղապահն այս պահին Գարեգին Արքեպիսկոպոս Բեքչյանն է, սակայն Մայր Աթոռը դեռ պաշտոնական շնորհավորանք չի հղել: ԼՈւՐԵՐ.com-ի հարցին՝ արդյոք Մայր Աթոռի նման պահվածքը ավելորդ զգուշավորություն չէ՞, որը կարող է  անհետևողականություն ընկալվել, թուրքագետը պատասխանեց. «Այո՛, ավելորդ զգուշավորություն է: Մայր Աթոռը պետք է պաշտոնապես շնորհավորի Գարեգին Բեքչյանին՝ ընդգծելով նրա լեգիտիմությունը: Հավանաբար՝ հայ եկեղեցին սպասում է որ խնդիրները համայնքի ներսում կարգավորվեն, որի մասին հույս կա, որ եկող շաբաթ նաև արձագանքներ կունենանք»:

 

Մեր ճշտող հարցին՝ եթե խնդիրները չկարգավորվեն և մեր եկեղեցին շարունակի լռել, ի՞նչ հետևանք կունենանք, Ռուբեն Մելքոնյանը պատասխանեց. «Չեմ ուզում պատկերացնել և վատատեսորեն պատասխանել, հուսանք՝ Մայր Աթոռը պաշտոնական շնորհավորանք կհղի լեգիտիմ թեկնածուին, եթե ոչ՝ ապա լրագրողական հանրույթը պետք է դա պահանջի»:

 

Թուրքագետը նաև հայտնեց, որ Արամ Աթեշյանը չի ցանկանում տեղը զիջել՝ հաշվի առնելով իր, թուրք պաշտոնյաների և Էրդողանի հետ կասկածելի գործարքներն ու կասկածելի փաստաթղթերը: 

 

Աղավնի Սուքիասյան