Թեև վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստանում էր, որ իր թիմակիցները մութ և կասկածելի գործարքների մեջ երբեք չեն թաթախվելու՝ հետհեղափոխական Հայաստան իրողությունները խոսում են լրիվ այլ պատկերի մասին: ՔՊ-ական պաշտոնյաները ոչ միայն հայտնվում են նմանատիպ պիկանտ պատմությունների կիզակետում, այլ մի բան էլ հաջողացնում են դրանցից չոր դուրս գալ:
 
Դիցուք՝ «Ալեքս էնդ հոլդինգ», «Նոյ ինվեստ գրուպ», «Բրենդ Քոմփյութրս» և «Ռենշին» ընկերությունները նստարաններ, փողոցային մոխրամաններ, համակարգիչներ են նվիրել Երևանին, նաև համայնքի ճանապարհներից մեկն են հիմնանորոգել։ Օրերս Երևանին գույք նվիրած չորս ընկերություններից մեկը քաղաքի կենտրոնում բարձրահարկ կառուցելու միանգամից չորս շինթույլտվություն է ստացել։
 
Մոտ երեք տարվա փնտրտուքներից հետո կառավարությանը հաջողվեց վաճառել Ծաղկաձորի «Գոլդեն փելիս» հյուրանոցը 5 միլիարդ դրամով: Նախօրեին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանով ստեղծված մրցութային հանձնաժողովի նիստում հանձնաժողովը ներկայացրեց մրցույթի արդյունքները: Պարզվեց՝ հայտարարված մրցույթին ներկայացվել է 1 մասնակցության հայտ՝ «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ի կողմից։ Այս ընկերության սեփականատերը Նարեկ Նալբանդյանն է, որի հանրայնացրած նկարներում կարելի է տեսնել Շրջակա միջավայրի նախկին նախարար Ռոմանոս Պետրոսյանին: Միայն այն հանգամանքը, որ մեկ ընկերություն է հայտ ներկայացրել մրցույթին, արդեն իսկ հարցեր է առաջացնում: Առավել ևս, եթե սեփականատերը հյուրանոցային բիզնեսում որևէ արդյունք չի գրանցել, այլ ալյուրի, թռչնաբուծության, նաև շինանյութերի ներմուծմամբ է զբաղվում։
 
Պետական գույքի վաճառքում կասկածելի ակտիվություն էր դրսևորում կադաստրի նախկին պետ Գարիկ Սարգսյանը: Բանը հասել է նրան, որ վաճառվում են «Երևանի Գուրգեն Մարգարյանի անվան թիվ 94 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի հիմնանորոգման արդյունքում առաջացած երկշերտ պատուհանները, «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված Երևան քաղաքի Արամի փողոցի թիվ 1 հասցեում գտնվող շենքի ապամոնտաժված գույքը, «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի կաթսայատնից ապամոնտաժված նախկինում օգտագործված սարքավորումները, ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայությանն ամրացված «ԼԵՔՍՈՒԶ LX 570»-ը։ Ինչպես տեսնում ենք, Սարգսյանն ակտիվորեն լծվել էր պետական գույքի վաճառքին` առանց նույնիսկ ուսումնասիրելու այդ գույքի պատմական նշանակությունը:
 
Օրերս հայտնի դարձավ, որ ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը դարձել է «Հայբիզնեսբանկի» տնօրենների խորհրդի անդամ։ Այս մասին տեղեկանում ենք բանկի պաշտոնական կայքից: Տիգրան Ավինյանը պաշտոնը ստանձնել է փետրվարի 11-ին։ Հայբիզնեսբանկը պատկանում էր Սերժ Սարգսյանի վաղեմի ընկերոջը՝ ծագումով ղարաբաղցի, ռուսաստանաբնակ միլիարդատեր Վիտալի Գրիգորյանցին։ Ներկայումս այս բանկում հիմնական սեփականատեր է նշվում օֆշորական գոտում գրանցված «ԷՄ ԷՖ ԷՄ Գլոբալ Ինվեստ» ՍՊԸ-ն։
 
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը հրապարակել էր փաստաթղթեր, ըստ որոնց՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հրամանով՝ պետական գույք հանդիսացող շինությունը վաճառվել էր 10 անգամ շուկայականից էժան գնով, և այդ մեկ գործարքից ոմանք աշխատել էին շուրջ 2 միլիոն դոլար։ Գործարքի մասին, ըստ Մինասյանի, տեղյակ է եղել նաև Պետական Գույքի կառավարման կոմիտեի այդ ժամանակվա ղեկավար Նարեկ Բաբայանը, ով ասօր պատգամավոր է։ Հիշեցնենք` Բաբայանը Լենա Նազարյանի ամուսինն է։
 
Մամուլում անցյալ տարի մեծ աղմուկ բարձրացրեց կառավարական առանձնատների վերանորոգման հարցը: Ըստ լուրերի, կառավարական առանձնատների վերանորոգման համար 2 մլն դոլար էին ծախսել և այստեղ առկա էր բացահայտ կոռուպցիոն ռիսկ: Կոնդի առանձնատների տնտեսություն ՊՈԱԿ-ի տնօրենի լիազորությունները կատարում էր Արուսյակ Մանավազյանը, ով այսօր արդեն ԱԺ պատգամավոր է։
 
ԿԲ-ն Մարտին Գալստյանի ղեկավարությամբ  նույնպես հայտնվել է ուշագրավ պատմության կիզակետում: Այս պահին Հայաստանում գործում է առևտրային բանկ, որի փաստացի սեփականատեր է հանդիսանում է կենտրոնական բանկը։ Համաձայն ԿԲ մասին օրենքի՝ կենտրոնական բանկը չի կարող միջամտել բանկերի ընթացիկ գործունեությանը և կենտրոնական բանկը նպաստում է բանկերի համար ազատ մրցակցային պայմանների ստեղծմանը։ ԿԲ օրենքի համաձայն արգելվում է ԿԲ նախագահին, խորհրդի անդամներին խորհուրդ տալ բանկերում բաժնեմաս ձեռք բերել։ Արդյունքում ԿԲ` ղեկավարությունը ոչ միայն խորհուրդ է տվել, այլ որոշում է կայացրել բանկի բաժնեմաս ձեռք բերել։

Պաշտոնյաների կասկածելի գործարքները այսքանով չեն սպառվում։ Այդպիսի գործարքների թվին է դասվում նաև վերջիններիս կողմից ստացված նվիրատվությունները։ Դիցուք` վարչապետի աշխատակազմի արդեն նախկին ղեկավար Էդուարդ Աղաջանյանը որպես նվիրատվություն է հայտարարգրել 800 հազար դրամը: ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը 2018-ին ստացել էր 22 միլիոն 250 հազար դրամի նվիրատվություն կամ օգնության կարգով ստացված գույք: Պատգամավոր, իմքայլական Աննա Կարապետյանի՝ նվիրատվության կամ օգնության կարգով ստացված գույքը, դրամական միջոցները՝ բացառությամբ աշխատանքի, ծառայության տեսքով ստացած, կազմել են 2,400 և 3,500 դոլար:
 
Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը, որը համարվում է Փաշինյանի կառավարության ամենավստահելի կադրերից մեկը, գերադասում է իր գումարները պահել արտերկրում։ Այս մասին տեղեկանում ենք` ուսումնասիրելով Թորոսյանի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքում հրապարակված տարեկան հայտարարագիրը։ Ըստ այդմ՝ նախկին նախարարը 2020թ. հունվարին ավստրիական բանկի (Bank Austria)՝ 20,550 Եվրո արժողությամբ պարտատոմս է ձեռք բերել, որի դիմաց տարեվերջին 428 Եվրոյի չափով տոկոս է ստացել (եկամուտ)։
 
Ինչպես նկատում ենք ՝ ՔՊ-ականների կողմից կատարված կասկածելի գործարքների պակաս չի զգացվում, սակայն, պատկան մարմինները և կոռուպցիայի կանխարգելման կոմիտեն չեն շտապում ուսումնասիրել այս դվագները և դրանց իրավական գնահատական տալ: