Ադրբեջանի գլխավոր դատախազության ծանր հանցագործությունների գծով հետաքննչական վարչության մի խումբ աշխատակիցներ այսօր ժամը 10:30-ին ներխուժել են «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության գրասենյակ եւ խուզարկություն սկսել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով virtualaz.org լրատվական կայքը, խուզարկությունն անցկացվել է դատարանի որոշման հիման վրա: Գրասենյակում անջատվել են հեռախոսները, համակարգիչները եւ Ինտերնետը: Աշխատակիցներին թույլ չեն տվել մոտենալ իրենց համակարգիչներին:
Խուզարկությանը ներկա են եղել դատախազության աշխատակիցների կողմից բերված ընթերակաները: Ռադիոկայանի փաստաբան Յալչին Իմանովի համառ պահանջներից հետո թույլատրվել է խուզարկությանը ներկա լինել ռադիոկայանի երկու աշխատակիցների:
Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայության ղեկավար Էլդար Սուլթանովը հաստատել է տեղեկությունը: Նշվում է, որ խուզարկությունը կատարվում է Գլխավոր դատախազության կողմից քննվող քրեական գործի (ենթադրաբար' ռադիոկայանի աշխատակից Խադիջա Իսմայիլովայի) շրջանակում: