Ինչպես արդեն տեղեկացրել ենք` այսօր ձերբակալվել է «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով:

 

Ինչպես հայտնում է ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը Սեֆիլյանի գրասենյակից` արդեն մոտ մեկ ժամ է, ինչ ոստիկանության հատուկ ստորաբաժանումները խուզարկում են գրասենյակը:Մեր թղթակիցը փորձել է զրուցել գրասենյակի հարևանությամբ ապրողների հետ ձերբակալության թեմայով, սակայն նրանք ասել են, որ անգամ տեղյակ չեն եղել, որ իրենց հարևանությամբ Սեֆիլյանի գրասենյակն է եղել:

 

Հիմնադիր խորհրդարանի անդամ Կարո Եղնիկյանը հայտնել է, որ Սեֆիլյանին ձերբակալել են հենց այդ գրասենյակից: 

 

Հիշեցնենք` ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացրին, որ Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղու սկզբնամասում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի վայր ժամանած ոստիկանության ծառայողները պատահարի մասնակցի ավտոմեքենայից հայտնաբերել են ԱԿ-74 տեսակի երկու ինքնաձիգ՝ 120 փամփուշտներով: Հիշյալ ավտոմեքենայի վարորդն ու ուղևորն ապօրինի կերպով զենք և ռազմամթերք պահելու և փոխադրելու կասկածանքով բերման են ենթարկվել ոստիկանություն: