Դեկտեմբերի 4-ին` ժամը 22.00-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Երևանի բնակիչ, 35-ամյա մի տղամարդ։ Նույն օրը՝ ժամը 22.35-ին, «Նաիրի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժնում նոր հաղորդում ստացվեց, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Երևանի բնակիչներ, 27 և 44-ամյա անձինք։
Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների և քննչական կոմիտեի ծառայողների համատեղ ջանքերով պարզվել է, տղամարդիկ վնասվածքները ստացել են մայրաքաղաքի Աճեմյան փողոցի թիվ 209 հասցեում գտնվող հաստատությունում վիճաբանության ժամանակ։
Պարզվել են մասնակիցների ինքնությունը, այդ թվում՝ ապօրինի պահվող ատրճանակով կրակողի, որին հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումներ են ձեռնարկվում։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են արնանման հետքեր և փամփշտատուփ՝ 9 մմ տրամաչափի 2 փամփուշտով:
Կարդացեք նաև՝ Կրակոցներ Երևանում. վիրավորներից մեկը Երևանում հայտնի՝ Արեշի «Բաղնիքի Արմանն» է