Ինչպես ավելի վաղ հայտնել էր Mediamall.am-ը, հունիսի 6-ին` ժամը 23.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Պ. Սևակի և Կ. Ուլնեցու փողոցների խաչմերուկում կրակում են:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 22.50-ին Կ. Ուլնեցու փողոցի թիվ 74 շենքի բակում, անհայտ անձանց միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, դեռևս չպարզված անձն ատրճանակից մի քանի անգամ կրակել է օդ, ինչից հետո վիճաբանողները դիմել են փախուստի:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 9 մմ տրամաչափի ատրճանակի 3 պարկուճ և 1 գնդակ:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Նշանակվել են փորձաքննություններ:
Դեպքի վայրում հավաքվածները shamshyan.com-ին պատմել էին, որ կրակոցները արձակել է Արայիկ Քոթանջյանի որդին, ում ոստիկանները որոնում են:
Լուրեր.com-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության հասարակայնության և լրատվության հետ կապերի բաժնից տեղեկացրին, որ տարված բացատրական աշխատանքների շնորհիվ' Սամվել Քոթանջյանը ներկայացել է ոստիկանություն:
«Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական ու քննչական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ' հունիսի 10-ին, ժամը 23.10-ին, բաժին է ներկայացել 1990 թ. ծնված Սամվել Ք.-ն և ներկայացրել առանց գործարանային համարի, 9 մմ տրամաչափի «Մակարով» տիպի ատրճանակն ու հայտարարել, որ հունիսի 6-ին Կ. Ուլնեցու փողոցի թիվ 74 շենքի բակում նշված ատրճանակից մի քանի անգամ կրակել է օդ:
Ներկայացված ատրճանակն ուղարկվել է փորձաքննության:
Սամվել Ք.-ն ձերբակալված է:
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքին մասնակից մյուս անձանց ինքնությունները պարզելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է»: