Բաքվում լուրեր են տարածվել քաղաքապետ Հաջիբալա Աբութալիբովի վահաբի որդու' Իսրաֆիլ Աբութալիբովի ձերբակալության կամ երկրից փախչելու մասին:

 

Այդ մասին axar.az կայքին տեղեկացրած աղբյուրի խոսքով' Իսրաֆիլ Աբութալիբովն Ադրբեջանի ազգային անվտանգության եւ ներքին գործերի նախարարությունների կողմից ձերբակալվել է անցյալ շաբաթ Բաքվի Իչերիշեհեր թաղամասում գտնվող Աշուրբեյ (Լեզգի մզկիթ) մզկիթում անցկացված գործողությունից հետո:

 

Բավական ժամանակ է, ինչ ադրբեջանական ԶԼՄ-ները գրում են կառավարական ուժերի դեմ Սիրիա կռվելու մեկնող ադրբեջանցի վահաբիների մեջ Իսրաֆիլ Աբութալիբովի կողմից պրոպագանդա անցկացվելու եւ նրանց ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մասին: Նշվում է, որ Աշուրբեյ մզկիթում անցկացված գործողության ժամանակ իրավապահ մարմինների աշխատակիցները հավատացյալներին հարց ու փորձ են արել Իսրաֆիլ Աբութալիբովի մասին:

 

Ադրբեջանի ազգային անվտանգության եւ ներքին գործերի նախարարությունների աշխատակիցերը հունիսի 20-ին Բաքվի Աշուրբեյ մզկիթում ձերբակալել են 20 վահաբիների: Այդ մասին տեղեկությունները հաստատել են նախարարությունները: Գործողության հետ կապված լուսանկարներ եւ լուրեր են տարածվել ադրբեջանական մամուլում: Սակայն, Բաքվի քաղաքապետ Հաջիբալա Աբութալիբովի քարտուղարուհին կայքին հերքել է նրա որդու ձերբակալության կամ երկրից փախչելու մասին տարածված լուրերը:

 

Նշվում է, որ Իսրաֆիլ Աբութալիբովը ձերբակալվել է «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը միանալու համար ադրբեջանցի վահաբիների համար երկիրը լքելու պայմաններ ստեղծելու, ֆինանսավորելու եւ ահաբեկչական խմբավորման հետ կապեր ունենալու պատճառով: Նշվում է նաեւ, որ Բադամդարում գտնվող սալաֆիների աղոթատեղիներում անցկացված ստուգումների ժամանակ մեծ քանակությամբ կանխիկ գումար է հայտնաբերվել, եւ դա է եղել Իսրաֆիլ Աբութալիբովի ձերբակալության հիմնական պատճառը:

 

Ադրբեջանական մամուլն ավելի վաղ հայտնել էր, որ Հաջիբալա Աբութալիբովը հրաժարվել է որդուց, եւ նրանց միջեւ ներկայում ոչ մի կապ չկա: