Հհարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է՝ երեկ՝ մայիսի 13-ին, Ուլնեցու փողոցի 3-րդ փակուղու թիվ 2-րդ շենքից Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն տեղափոխված վիրավորների ինքնությունը:
Նշված շենքի 22-րդ բնակարանից «ձախ ազդրի, այտի ծակած-կտրած վերքեր» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 49-ամյա Սուրեն Կանջինյանը, «բազմաթիվ ծակած վերքեր» ախտորոշմամբ, նույն հասցեի բնակիչ, 46-ամյա Գայանե Մազինյանը և նույն հասցեի բնակիչ, 21-ամյա Վլադիմիր Կանջինյանը՝ «պոլիտրավմա, ձախ ազդրի ստորին մեկ երրորդի բաց կոտրվածք, գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ:
Տեղեկությունները հաստատվել են, որ վիրավորներից Ս. Կանջինյանն ու Գ. Մազինյանը ամուսիններ են, իսկ Վ. Կանջինյանը նրանց որդին է:
Վիրավոր Գ. Մազինյանը աշխատում է նախարարություններից մեկում՝ որպես ֆինանսական բաժնի պետ, իսկ Ս. Կանջինյանը երկար տարիներ աշխատել է հարկային տեսչությունում և հարևանների մոտ ավելի շատ հայտնի է՝ Հարկայինի Սուրո մականվամբ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ Վ. Կանջինյանը կյանքից զրկելու դիտավորությամբ խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել իր ծնողներին, ինչի հետևանքով վերջիններս ստացել են նշված մարմնական վնասվածքները:
Այդ ամենից հետո Վ. Կանջինյանը ինքնասպանություն գործելու նպատակով իրենց շենքի 6-րդ հարկի շքամուտքի պատշգամբից ցած է նետվել և ընկել շքամուտքի մոտ կայանված Honda մակնիշի ավտոմեքենայի վրա:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք՝ մայիսի 13-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Կարապետ Ուլնեցու փողոցի 2-րդ շենքի բակում վիրավոր քաղաքացի կա:
Քննչական բաժնի մի քանի քննիչ նշված շենքի 6-րդ հարկի 22-րդ բնակարանում կատարում էին դեպքի վայրի զննություն: Թե բնակարանում, թե վերելակից դուրս' միջանցքում, հայտնաբերվել էին բավականին շատ արյան հետքեր:
Ոստիկաններն ու քննիչները միջանցքում հայտնաբերել էին նաև ծռված դանակ, որի վրա կային արյան հետքեր:
Դեպքի վայրում հավաքվածներն ասել էին, որ նշված բնակարանից Սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն էին տեղափոխվել Սուրիկ Կանջինյանը և Գայանե Մազինյանը, իսկ շենքի մուտքի մոտից նույն բժշկական կենտրոն էր տեղափոխվել Վլադիմիր Կանջինյանը:
Սկզբնաղբյուր՝ shamshyan.com