168.am-ը գրել է.

Ռուսական պետական «ՌԻԱ Նովոստի» գործակալությունն այսօր Մոսկվայում կայացած ԱՊՀ ղեկավարների խորհրդի նիստից Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ խիստ անհաջող և նույնիսկ անպարկեշտ, պաշտոնական էթիկետին չհամապատասխանող կադրեր է տարածել։

Սա արդեն իսկ մեծ աղմուկ է բարձրացրել իշխանական շրջանակներում և թելեգրամյան ալիքներում։

 

Տարածվող երկու լուսանկարներից մեկում, որոնք ֆիքսել է գործակալության լուսանկարիչ Կրիստինա Կորմիլիցինան, որը ՌԴ նախագահի լուսանկարիչներից է, Նիկոլ Փաշինյանը լուսանկարվել է այնպիսի տեսանկյունից ասես խոնարհված է Ադրբեջանի դրոշի առջև, իսկ մյուս լուսանկարում Ալիևի հայացքի ներքո Փաշինյանը կրկին ադրբեջանական դրոշի առջև ուղղում է տաբատը:

«ՌԻԱ Նովոստի»-ի պատրաստած մեդիաբանկում տեղ է գտել միջոցառումից 191 լուսանկար, որոնց շարքում ամենաանհաջողը Փաշինյանի վերոնշյալ երկու լուսանկարներն են։ Բացի այս, ֆոտոռեպորտաժը բավականին ուշագրավ է, քանի որ բազմաթիվ են կադրերը Փաշինյան-Ալիև շփումներից ինչպես ղեկավարների մակարդակով խորհրդի նիստի, այնպես էլ ոչ պաշտոնական շփումների ընթացքում։

Իշխանական «Բաղրամյան 26» թելեգրամյան ալիքը տարածել է այս լուսանկարները՝ գրառմամբ հաշիվ պահանջելով ռուսական պետական լրատվամիջոցի խմբագրից` միտումնավոր նման անհարմար ռակուրսից արված լուսանկարներ տարածելու համար։

 

«Կրեմլի լրագրողները և մամուլի քարտուղար Պեսկովը պարտավոր են բացատրել, թե ինչու են դիտավորյալ լուսանկարները հրապարակվել երկու չափազանց անպարկեշտ տեսանկյուններից։ Ինչո՞վ են առաջնորդվել նրանք այս կադրերը ստեղծելիս կամ հրապարակելիս»,- ասված է գրառման մեջ։