Հայաստանում շուկայի վերահսկողության արդյունքներով կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ 197 արձանագրություն և նշանակվել վարչական տուգանք 84.8 մլն դրամի չափով:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, պետական վերահսկողություն իրականացնելու համար ծրագրով նախատեսված է եղել 281 տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ, որն ամբողջությամբ կատարվել է: ՀՀ վարչապետի գրավոր հանձնարարությամբ թանկարժեք մետաղների առուվաճառքով զբաղվող տնտեսավարող սուբյեկտների մոտ կատարվել է 30 արտածրագրային ստուգում: 5 դիմում-բողոքի հիման վրա բացված հանձնարարականներով նույնպես կատարվել է պետական վերահսկողություն:

 

Որակի ենթակառուցվածքների բարեփոխումներին չորս ծրագերով ՀՀ պետական բյուջեով նախատեսվել է 255.1 մլն դրամ, որից փաստացի ծախսվել է 203.6 մլն դրամը: ԵՏՄ ՀՀ անդամակցության շրջանակներում վերլուծվել է որակի ենթակառուցվածքը կարգավորող ՄՄ ամբողջ օրենսդրական դաշտը, այդ թվում' ընդունված ՄՄ տեխնիկական կանոնակարգերը, կազմակերպվել են քննարկումներ և սեմինարներ գործարար միջավայրի ներկայացուցիչների հետ ՄՄ տեխնիկական կանոնակարգերը' ՀՀ-ում կիրառելու ուղղությամբ, մշակվել են ՄՄ անդամակցության ճանապարհային քարտեզի 47-51 կետերի կատարումն ապահովող հա մապատասխան ենթաօրենսդրական ակտեր:

 

ԱԷՄԳ-ի (Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն) տեխնիկական համագործակցության ազգային ծրագրի շրջանակներում ձեռք են բերվել նոր սարքավորումներ: Իրականացվել են Արագածի գիտական կենտրոնում գտնվող էտալոնների վերականգնման աշխատանքները և, միաժամանակ, բանակցություններ են սկսվել «Ռոսկոսմոս» ընկերության հետ՝ գիտական կենտրոնում առկա հնարավորությունները ГЛОНАСС ծրագրում ներգրավելու համար: Ստուգաչափվել է 165 հզ. չափման միջոց' գրանցելով 11% աճ: Իրականացվել է 196 չափման միջոցի տեսակի հաստատման գործընթաց ' գրանցելով 21% աճ:

 

2014 թվականին հավատարմագրվել են 20 փորձարկման լաբորատորիա, 5 արտադրանքի սերտիֆիկացման, 1 տեխնիկական հսկողություն իրականացնող և 1 կառավարման համակարգերի սերտիֆիկացման մարմիններ: Վերահրատարակման եղանակով մշակվել և ընդունվել են 2014 թվականի ծրագրով սահմանված 71 ազգային ստանդարտներ, տեխնիկական կանոնակարգման ոլորտում ներդաշնակեցվել և ընդունվել են տեխնիկական կանոնակարգերի պահանջներն ապահովող միջազգային, միջպետական և եվրոպական ստանդարտների վրա հիմնված 921 ազգային ստանդարտներ, մշակվել և հրապարակվել է ՀՀ-ում գործող 12 տեխնիկական կանոնակարգեր ի պահանջների կատարումն ապահովող ստանդարտների ցանկ: ՀՀ վարչապետի հանձնարարությամբ ապահովվել է շինարարության ոլորտի շուրջ 1400 ապրանքատեսակների տեխնիկական բնութագրերի մշակումն ու փորձաքննությունը՝ ըստ գործող ստանդարտների և տեխնիկական կանոնակարգերի նորմերի: