Վրաստանի արտաքին գործերի նախարար Թամարա Բերուչաշվիլին Թբիլիսիում լրագրողների հետ կայացած զրույցի ժամանակ հայտարարել Է, որ Ռուսաստանի ներկայիս ղեկավարությունն իր գործողություններով սիստեմատիկաբար խախտում Է միջազգային նորմերը եւ սպառնալիք ստեղծում Եվրոպայի անվտանգության ճարտարապետության համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին:

 

«Պուտինյան Ռուսաստանը մի պետություն Է, որը, ցավոք, սիստեմատիկաբար խախտում Է միջազգային նորմերը եւ ստանդարտները: Այն այսօր մեծ սպառնալիք Է Եվրոպայի անվտանգության ճարտարապետության համար: Դա այն երկիրն Է, որն այսօր ոչ միայն զավթել Է մեր հայրենիքի 20 տոկոսը, այլեւ բռնակցման նպատակադիր քայլեր Է անում»,-ասել Է Բերուչաշվիլին:

 

Դրա հետ մեկտեղ դիվանագետը նշել Է, թե «հարկավոր Է ավելի քիչ մտածել պիտակներ կպցնելու մասին» եւ «անել այն ամենը, ինչն առավելագույնս համապատասխանում Է վրացական պետության շահերին»:

 

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին դեկտեմբերի 26-ի տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսում սադրիչ Է համարել լրագրողի հարցը՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն արդյոք Վրաստանի եւ Ուկրաինայի թշնամին Է, թե ոչ: «Բանն այն Է, որ մենք պետք Է պատասխանատու լինենք մեր յուրաքանչյուր հայտարարության համար: Ես կառավարության ղեկավար եմ եւ պետք Է այնպիսի հայտարարություններ անեմ, որոնք օգուտ կբերեն, այլ ոչ թե այնպիսիք, որոնք կվնասեն մեր երկրին»,-հավելել Է վարչապետը՝ դիմելով լրագրողին:

 

Իր հերթին, Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հույս ունի ժամանակի ընթացքում «ռացիոնալ հարաբերություններ» հաստատել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

 

«Պուտինն այն մարդն է, որի հետ, հուսով եմ, ինչ-որ փուլում կհաստատվեն ռացիոնալ հարաբերություններ: Մինչ այդ ես չեմ ցանկանում փչացնել առկա հարաբերությունները՝ ավելորդություններ ասելով եւ անհարկի քաղաքավարի չլինելով»,- հայտարարել է Մարգվելաշվիլին:

 

Դրա հետ մեկտեղ Վրաստանի նախագահը Ռուսաստանի քաղաքականությունը որակել է «թշնամական ու ագրեսիվ» եւ նշել, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ, եթե երկխոսությունը ծավալվի կոնկրետ հարցերի շուրջ: