Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 29-ին ցավակցական հեռագիր է հղել Վահան Հովհաննիսյանի ընտանիքին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հեռագրում ասված է.
«Խոր ցավով տեղեկացա Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վահան Էդուարդի Հովհաննիսյանի վաղաժամ մահվան մասին:
Վահան Հովհաննիսյանն անգնահատելի ավանդ ունի հայոց անկախ պետականության կերտման գործում եւ ազգային-ազատագրական պայքարում: Նա մեծ հայրենասեր էր, փորձառու քաղաքական գործիչ, հմուտ դիվանագետ, լավ ու բարի անձնավորություն, ով մեծ հարգանք էր վայելում Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում:
Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից վշտակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի բոլոր հարազատներին եւ մերձավորներին, մաղթում արիություն ու ոգու կորով:
Վահան Հովհաննիսյանի պայծառ հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում»:
Դեկտեմբերի 28-ին կյանքից վաղաժամ հեռացավ անվանի հասարակական-քաղաքական գործիչ , Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վահան Հովհաննեսյանը: Վահան Հովհաննեսյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով, որը գլխավորում է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: