Լուրեր.com-ը հերթական անգամ անդրադառնում է արտերկրում հանդես եկող երիտասարդ ֆուտբոլիստներին:
Այս անգամ ներկայացնում ենք Անգլիայում հանդես եկող երիտասարդ ֆուտբոլիստ Կարեն Դանիլյանին:
Հարձակվողական ոճի այս ֆուտբոլիստը ծնվել և մեծացել է Անգլիայում, պրոֆեսիոնալ ֆուտբոլով զբաղվել է 5 տարեկանից:
6-ից մինչև 9 տարեկանները հանդես է եկել «Ասթոն Վիլա» ակումբում: Երիտասարդ հայ խաղացողը մինչ այսօր հանդես է գալիս «Ուոլսոլ» ակումբում:
Լուրեր.com-ի այն հարցին, թե արդյոք Հայաստանի երիտասարդական հավաքականից հրավեր ստացե՞լ է, երիտասարդ հայ ֆուտբոլիստը նշեց, որ հրավեր չի ստացել, քանի որ Հայաստանում իրեն չեն ճանաչում, իսկ ստանալու դեպքում՝ անպայման կգա:
Անդրադառնալով իր առաջիկա ծրագրերին՝ Դանիլյանը նշեց, որ նպատակ ունի տեղափոխվել «Արսենալ» և ծնողները քայլեր են ձեռնարկում այդ ուղղությամբ:
Նշենք՝ լուրեր են շրջանառվում այն մասին, որ ֆուտբոլիստը հրավեր ունի Անգլիայի երիտասարդական թիմից: Սակայն ինքը՝ Դանիլյանը, նշեց, որ դրանք պարզապես խոսակցություններ են և պաշտոնապես ոչինչ չկա: