ԱԺՄ կուսակցությունը խորապես վշտացած է ականավոր քաղաքական գործիչ, հայոց պետականության ակունքներում կանգնած, պետականության կայացման գործում մեծ ներդրում ունեցած, ՀՅԴ անդամ Վահան Հովհաննիսյանի վաղաժամ մահվան կապակցությամբ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԺՄ-ի լրատվական ծառայությունից, կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանի ցավակցական ուղերձում ասվում է. «Վահան Հովհաննիսյանի կորո ւստը մեծ է, մենք կորցրեցինք մեծ հայրենասերի, բարձր մտավորականի, անձնվեր զինվորի:
Մենք երբեք չենք մոռանա այն ժամանակահատվածը, երբ միասին էինք պայքարում պետական արժեքների և մեր ազգային երազանքների իրականացման համար: Անելիքները դեռ շատ են, սակայն մեզ հետ չէ Վահան Հովհաննիսյանը:
Իր բոլոր չափանիշներով իսկական առաջնորդ էր Վահանը, այն հազվագյուտ մարդկանցից, որոնք լուսավորում են շրջապատը, պատկանում են հանրությանը ու հեռանում են լույս սփռելով:
Խոր վշտով ցավակցում ենք Վահան Հովհաննիսյանի ընտանիքին, հարազատներին, մտերիմներին այս մեծ կորստի համար»:
Վահան Հովհաննիսյանը մահացել է դեկտեմբերի 28-ին՝ Բեռլինում երկարատև ու ծանր հիվանդությունից: Նրա հոգեհանգիստը տեղի կունենա 2015 թվականի հունվարի 2-ին՝ ժամը 17:00-ին, Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սբ. Սարգիս եկեղեցում, վերջին հրաժեշտի արարողությունը՝ հունվարի 3-ին՝ ժամը 11:00-13:00-ը, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, հուղարկավորությունը՝ նույն օրը, Երևանի քաղաքային պանթեոնում: