Լիբանանում ՀՀ դեսպանատանը դեկտեմբերի 29-ին կայացել է հանդիպում հայկական «Ազդակ», «Զարթոնք» և «Արարատ» օրաթերթերի ղեկավարների հետ: Ինչպես «Արմենպրես»-ին փոխանցեցին ՀՀ ԱԳն տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը փոխանցե լ է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ջերմ ողջույններն ու շնորհավորանքները, ինչպես նաև դրամական նվիրատվությունն Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ:
Լիբանանահայ օրաթերթերին հասցեագրված ուղերձում ՀՀ Նախագահը համոզմունք է հայտնել, որ նվիրվածության, հայրենասիրության, գործադրած ջանքերի և գրչի ճկունության շնորհիվ նրանք հաղթանակած դուրս կգան դժվարին քարոզչական պայքարում և կնպաստեն Հայաստանի, Արցախի և Սփյուռքի մասին համապարփակ նյութերի պատրաստմանը:
«Ազդակ» օրաթերթն իր կայքէջում հրապարակել է Նախագահի ուղերձը: «Համոզված եմ, որ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին պիտի համատեղեք ձեր միտքը, կամքն ու հնարավորությունները բոլոր մարտահրավերներին դիմակայելու եւ համահայկական նշանակություն ունեցող խնդիրները համաշխարհային հանրությանն առավել նպատակաուղղված եւ որակով ներկայացնելու նպատակով»,- ասված է Նախագահի ուղերձում:
Նույն օրն դեսպան Քոչարյանը այցելել է նաւ Լիբանանի հայ համայնքի ընկերային ծառայողների միության մտավոր խնդիրներ ունեցող հայ մանուկների «Զվարթնոց» կենտրոն:
«Զվարթնոց»-ի ղեկավարներին ու սաներին հասցեագրված ուղերձում ՀՀ Նախագահը բարձր է գնահատել մանկավարժների նվիրյալ և ազգանվեր գործունեությունը՝ ուղղված հայ մանուկների և երիտասարդների կրթական, հոգեբանական և ֆիզիկական զարգացմանը:
Հանդիպումների ժամանակ լրատվամիջոցների ու «Զվարթնոց» կենտրոնի ղեկավարներն իրենց խորին երախտագիտությունն են հայտնել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին' շարունակական հոգատարության և ուշադրության համար, և հավաստիացրել, որ ջանք չեն խնայի շարունակելու իրենց գործունեությունը հայապահպանության, հայեցի դաստիարակության և Հայաստան-Սփյուռք կապերի խորացման ուղղությամբ:
Մոտակա օրերին դեսպան Քոչարյանը կայցելի նաև Ջբեյլի «Թռչնոց Բույն» մանուկների հաստատություն' ՀՀ Նախագահի շնորհավորանքներն ու նվիրատվությունը փոխանցելու նպատակով: