Իրաքի եւ Սիրիայի զավթած տարածքներում «Իսլամական պետություն' խալիֆայություն» հռչակած «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) ահաբեկչական խմբավորման մարտիկները հայտարարել են, որ մահապատժի են ենթարկել 10 օր առաջ Սիրիայի Ռաքքա նահանգում իրենց կողմից ձերբակալված 4 ադրբեջանցիներին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' հայտնում է ադրբեջանական SalamNews լր ատվական գործակալությունը' հղում կատարելով ԻԼԻՊ-ի «Դաբիղ» պարբերականին:

 

Ադրբեջանցի մարտիկները մեղադրվում են դասալքության եւ իշխանությունը զավթելու փորձի մեջ: Ահաբեկչական կազմակերպությունը հայտարարել է, որ ադրբեջանցիներին պատժել են «շարիաթի օրենքի համաձայն»:

 

ԻԼԻՊ-ի դեմ դավադրության մասնակից 4 ադրբեջանցիները ձերբակալվել են դեկտեմբերի 20-ին: Նրանց մեղադրել են զինված խռովության փորձի, փախուստի, կազմակերպության անդամների սպանության, ԻԼԻՊ-ի առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադիին վիրավորելու մեջ:

 

Երբ խռովարարները հասկացել են, որ իրենց ծրագիրը բացահայտված է, փորձել են փախչել Թուրքիա, սակայն ձերբակալվել են գրոհայինների կողմից:

 

ԻԼԻՊ-ի «անվտանգության ծառայությունը» համացանցում տեսանյութ է տարածել ձերբակալված ադրբեջանցիների հարցաքննության մասին, որոնք խոստովանել են իրենց մեղքը: Նրանց խոսքով' իրենց ջոկատի ղեկավարը Էլվիր անունով ադրբեջանցի գրոհայինն է: Հարցաքննության ժամանակ մեղայական խոստովանությամբ հանդես են եկել Աբուզեր, Աբու Մարյամ, Աբու Յագուբ եւ Օմար մականունով ադրբեջանցիները:

 

Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ Սիրիայում ապստամբների կողմից նախագահ Բաշար Ասադի դեմ կռվում են մեծ թվով Ադրբեջանի քաղաքացիներ, իսկ Սիրիայում եւ Իրաքում ամբողջ պատերազմի ընթացքում ոչնչացվել են 300-ից ավելի ադրբեջանցիներ:

 

2013 թ. մայիսին Սիրիայում կռվող ադրբեջանցիները հանդես էին եկել հերթական տեսադիմումով, որում հայրենակիցներին կոչ էին արել ջիհադ (պատերազմ' հանուն հավատի) կատարել Սիրիայում: