Պատմական Աղվանքի կենտրոն Նուխին (ներկայիս Ադրբեջանի Շաքի քաղաք), որը Ադրբեջանի երկրորդ զբոսաշրջային քաղաքն է, զարգանում է դեռեւս կանգուն հայկական պատմական եկեղեցիների շնորհիվ: Աշխարհի տարբեր ծայրերից զբոսաշրջիկներին, այլ պատմական հուշարձաններ չունենալու պատճառով, այդտեղ ցուցադրում են շրջանի տարածքում գտնվող հարյուրավոր եկեղեցիները:

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, modern.az-ի հետ զրույցում խոստովանել է Շաքիի զբոսաշրջության տեղեկատվական կենտրոնի տնօրեն Նասիբ Իմամալիեւը: «Շաքին գտնվում է Կովկասյան լեռնաշղթայի հարավային գեղատեսիլ անտառապատ ստորոտին: Բացի իր գեղեցիկ բնությունից, Շաքին օտարերկարցիներին գրավում է նաեւ իր բազմաթիվ պատմական հուշարձաններով, որոնց մեծ մասը քրիստոնեական եկեղեցիներն են», -կայքին ասել է Իմամալիեւը:

 

Ադրբեջանցի պաշտոնյան նշում է, որ այդ եկեղեցիները աղվանական են' նույնությամբ կրկնելով Ադրբեջանի պաշտոնական շրջանակների կողմից հայկական հուշարձաններն աղվանական ներկայացնելու կեղծ տեսակետը: Պատմական փաստ է, որ Աղվանքը վաղ միջնադարից սկսած գտնվել է Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր ազդեցության տակ, եւ այդ տարածքում կառուցված բոլոր եկեղեցիները հայկական ծագում ունեն:

 

Պատմական Նուխիի շրջանում ամենահին եկեղեցին Քիշ (քեշիշ' տերտեր բառից) գյուղի փոքրածավալէ: Այն վերանորոգվել է նորվեգական հիմնադրամի միջոցներով: Վերանորոգման ժամանակ ադրբեջանցիները վերացրել են եկեղեցու վերաբերյալ գմբեթի տակ հայատառ բոլոր գրությունները, որպեսզի թաքցնեն նրա հայկական ծագումը: Այժմ էլ արտասահմանցի զբոսաշրջիկներին այն ցուցադրում են որպես աղվանական մատուռ:

 

«Շաքիի ամեն անկյունում, գյուղերում կարելի է աղվանական մատուռների, եկեղեցիների հանդիպել: Քիշ գյուղի մատուռը համարվում է աշխարհի նշանավոր պատմական հուշարձաններից մեկը», -նշել է Իմամալիեւը:

 

Նուխի քաղաքում, մինչեւ 1988 թվականի հայտնի իրադարձությունները, երեք հայկական եւ մեկ ռուսական եկեղեցիներ կային: Քաղաքում կար նաեւ 19-րդ դարում կառուցված մեկ սունի եւ մեկ շիա մզկիթ: Նուխիի շրջանի բազմաթիվ գյուղերում մինչ վերջերս պահպանվում էին հայկական հետքերը' եկեղեցիների, մատուռների, սրբավայրերի տեսքով, որոնց մեծ մասը կիսաքանդ վիճակում: