Աֆրիկայում՝ Սիերա Լեոնե պետության դատարանը հօգուտ գործարար Փայլակ Հայրապետյանի դատավճիռ է կայացրել: Այս դատական գործի ընթացքում Հայրապետյանները կորցրեցին իրենց ընտանիքին պատկանող «Հայաստան» հանրախանութի մի մասը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գործարար Փայլակ Հայրապետյանը:
Նա նաեւ նշեց, թե սույն դատական վճռով իրենից 10 միլիոնը խարդախությամբ վերցրած Աշոտ Սուքիասյանը պարտավորվել է գալ Հայաստան եւ պարտքը մարել: «Ինքը 10 միլիոն 700 հազար դոլար վերցրել էր, բայց հիմա դարձել ա 12 միլիո, որը պետք է գա մարի: Բայց, իհարկե, մտավախություն ունեմ, որ կարող է չգա: Այդ դեպքում էլ մեր պետությունը պետք է մտածի, քանի որ ես իրենց համար եմ տվել այդ գումարը, որ մեր 23 կազմակերպությունները աշխատեն: Այդ գործին իրենց բանավոր միջնորդությամբ մասնակից են եղել էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը եւ վարչապետը: Հակառակ դեպքում ես ստիպված եմ լինելու նրանց դատի տալ: Բա իրենք են կանչել, իրա հետ ծանոթացրել: Ես մինչեւ այդ նրան չեմ ճանաչել»,- ավելացրեց Փայլակ Հայրապետյանը:
Խոսելով դատական գործի նախապատմությունից' Հայրապետյանը պատմեց, որ 2009 թ էկոնոմիկայի նախարարության շենքում նախարար Ներսես Երիցյանի մոտ հանդիպում-խորհրդակցություն է կազմակերպվում 23 արդյունաբերական կազմակերպությունների ղեկավարների հետ, որին ներկա է եղել նաեւ ինքը։ Հանդիպման հիմքում եղել է Ռուսաստանի՝ Հայաստանին տրամադրված 500 միլիոն դոլարի վարկը, որից 100 միլիոնը Ռուսաստանը պետք է տար ապրանքային տեսքով՝ ադամանդի հումքով։ Իսկ այդ 100 միլիոնի վարկը պետք է բաժանվեր այդ 23 կազմակերպությունների միջեւ, որպեսզի դրանք սկսեն աշխատել։ Խորհրդակցությանը ներկա են եղել նաեւ վարչապետը։ «Այդ օրը գործարարներից Աշոտ Սուքիասյանը, ով «Ձորագյուղ» ԱԿ նախագահն էր, ներկա գործարարներին հավաստիացրեց, որ ինքը կարող է Ռուսաստանի առաջարկածից մինչեւ 30 տոկոս ավելի էժան եւ ավելի բարձր որակի ապրանք առաջարկել, քանի որ ինքն Աֆրիկայում՝ Սիերա Լեոնե պետությունում, ոսկու եւ ադամանդի հանքեր ունի։ Ավելին'Սուքիասյանը ծրարով բերեց իր ապրանքը՝ 370 կարատ ադամանդի հումքը, եւ գործարարները հավանություն տվեցին: Բայց գործը սկսելու համար Սուքիասյանը 12 միլիոն դոլար ներդրում պահանջեց՝ սարքավորումներ, մեքենաներ գնելու համար: Ես, լինելով բոլորից ավելի տարիքով եւ լինելով հայրենասեր, առաջարկեցի գրավադրել իմ ունեցվածքը»,– մանրամասնեց Փայլակ Հայրապետյանը եւ ավելացրեց, որ համաձայնության գալուց հետո գրավադրում է 33 միլիոն դոլարի արժողությամբ իր ամբողջ անշարժ գույքը եւ «Ամերիաբանկը»-ից ստացված մոտ 10 միլիոն դոլար տալիս Սուքիասյանին: Ի դեպ, Փայլակ Հայրապետյանը ավելացրեց, որ Հայաստանին տրամադրված 500 միլիոն դոլարի վարկը, որից 100 միլիոնը Ռուսաստանը պետք է տար ապրանքային տեսքով, Աշոտ Սուքիասյանի խաբեության արդյունքում այդպես էլ Հայաստանին չտրամադրվեց: «Այնինչ' եթե այդ գումարները նպատակին ծառայեին, 10 հազար աշխատատեղ էր կստեղծվեր եւ այլն եւ ալն: Աշոտ Սուքիասյանը ինձ մտածված խաբեց: Վարչապետն ու Երիցյանը մտածված չէին, բայց նա մտածված եւ ինձ խաբեց, եւ վարչապետին, եւ Երիցյանին, եւ պետությանը»,- ավելացրեց Աշոտ Սուքիասյանը: