ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ողջունել է Ֆրանսիայում ահաբեկչական գրոհների զոհերի հիշատակին նվիրված երթը, որը հունվարի 11-ին կայացել է Փարիզում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

«Նա խորապես հուզված էր երթի եւ վերջին մի քանի օրերին գլոբալ համերաշխության դրսեւորման կադրերից”,- ասված է ՄԱԿ-ի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Փաստաթղթում նշվում է, որ Փարիզում անցկացված երթի ընթացքում ՄԱԿ-ը ներկայացնում էր գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ստեֆան դե Միստուրան:

 

Հաղորդագրության մեջ նաեւ ասված է, որ Պան Գի Մունը “ամենայն լրջությամբ է վերաբերվում ծայրահեղականությանը դիմակայելու, հակասեմականության եւ խտրականության այլ դրսեւորումների դեմ պայքարելու գործին”: Բացի այդ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը պաշտպանում է խոսքի եւ ինքնաարտահայտման ազատությունը, հաղորդել է մամուլի ծառայությունը:

 

Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ փաստաթղթում նշվում է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում միջազգային հանրակցությանը՝ ակտիվացնել հանդուրժողության տարածման ջանքերը: Ընդսմին Պան Գի Մունը հորդորել է պայքարել բռնության դեմ՝ հարգելով մարդու իրավունքները եւ ընդունելով իրավունքի գերակայությունը, ինչպես նաեւ նախազգուշացրել է մուսուլմանների դեմ հալածանքներից:

 

Փարիզի երթի կազմակերպիչների գնահատումների համաձայն՝ դրան մասնակցել է առնվազն 1,5 մլն մարդ: Համանման միջոցառումներ են անցկացվել երկրի նաեւ այլ քաղաքներում: Ֆրանսիայի ՆԳ նախարարության տվյալներով՝ ընդամենը հանրապետության փողոցներ է դուրս եկել առնվազն 3,7 միլիոն մարդ: