Նավթի արժեքն այլեւս չի բարձրանա բարելի դիմաց մինչեւ 100 դոլար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անենալով Bloomberg գործակալությանը, այս կարծիքը հայտնել է սաուդցի միլիարդատեր եւ ներդրող արքայազն Ալ Վալիդ իբն Թալալը: Նրա խոսքով՝ արդյունահանումը չկրճատելու Սաուդյան Արաբիայի որոշումը խելամիտ ու գործնական որոշում Էր: Արքայազնը նաեւ նշել Է շուկայում նավթի ավելցուկի առկայությունը թույլ պահանջարկի պայմաններում:

 

«Եթե նավթի ներկայիս մատակարարումները պահպանվեն, իսկ պահանջարկը ցածր լինի, հարկ Է սպասել գների հետագա նվազման,-հայտարարել Է նա USA Today –ին տված հարցազրույցում:-Սակայն եթե մատակարարումները սկսեն նվազել, եւ պահանջարկը փոքր-ինչ մեծանա, գները կբարձրանան: Այդուամենայնիվ, ես վստահ եմ, որ մենք այլեւս երբեք չենք տեսնի, որ բարել նավթի արժեքը կազմի 100 դոլար: Ես դեռ մեկ տարի առաջ Էի ասում, որ բարելի դիմաց 100 դոլարից բարձր գինը արհեստական Է»:

 

«Ինտերֆաքս»-ը հաղորդում Է, որ Լոնդոնի բորսայում հունվարի 12-ին Երեւանի ժամանակով ժամը 12:10-ին Brent նավթի փետրվարյան ֆյուչերսների արժեքը նվազել Է 1,29 դոլարով՝ բարելի դիմաց մինչեւ 48,82 դոլար: Միաժամանակ Նյու Յորքի ապրանքային բորսայի Էլեկտրոնային սակարկություններում WTI նավթի ֆյուչերսի գինը նվազել Է 1,04 դոլարով՝ բարելի դիմաց մինչեւ 47,32 դոլար:

 

Անցած տարվա ընթացքում նավթի գնի նվազումը կազմել Է շուրջ 50 տոկոս: