ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ընդունեց ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան Իվան Վոլինկինին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հանդիպմանը երկուստեք խորը մտահոգություն է հայտնվել' հունվարի 12-ին Գյումրիում կատարված Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանության կապակցությամբ:

 

Ռուսաստանի դեսպանը դեպքի առնչությամբ հայտնեց իր ցավակցությունը և նշեց, որ ռուսաստանյան կողմը շահագրգռված է դեպքի մանրամասների շուտափույթ բացահայտմամբ և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցում: Նա ընդգծեց, որ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի ղեկավարությունը լիովին համագործակցում է Հայաստանի իրավապահ մարմինների հետ և աջակցություն ցուցաբերում գործի քննությանը:

 

Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունն արդեն հանդես է եկել հայտարարությամբ Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասին: «Ցնցված ենք Գյումրիում տեղի ունեցած սոսկալի ողբերգությամբ: Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին: Ցավակցություն ենք հայտնում սպանվածների հարազատներին:

 

Այդ սարսափելի ողբերգություն իրականացնողը պետք է խստագույնս պատժվի: Ներկա պահին ՀՀ-ի և ՌԴ-ի համապատասխան մարմինները անհրաժեշտ հետաքննական գործընթաց են իրականացնում' նպատակ ունենալով կատարվածի օբյեկտիվ և բամակողմ հետաքննություն իրականաց նել», մասնավորապես ասված է հայտարարությունում:

 

«Արմենպրես»-ն ավելի վաղ հայտնել էր, որ Գյումրիում տեղի ունեցած սպանության հետևանքով զոհվել է 6 անձ: Ըստ նախնական տվյալների՝ հանցագործությունը կատարել է ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը: Ոստիկանությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 12.30-ին շտապ բուժօգնության կայանից ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 188 տանը կան հրազենային վնասվածքից մահացածներ:

 

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է , որ անհայտ անձը ինքնաձիգից արձակած կրակոցներով սպանել է նշված տան բնակիչներ՝ 1961 թ. ծնված Սերյոժա Ավետիսյանին, 1959 թ. ծնված Հասմիկ Ավետիսյանին, 1979 թ. ծնված Աիդա Ավետիսյանին, 1981 թ. ծնված Արմեն Ավետիսյանին, 1990 թ. ծնված Արաքսյա Պողոսյանին, Հասմիկ Ավետիսյանին /ծննդյան թիվը ճշտվում է/: 2014 թ. ծնված Սերյոժա Ավետիսյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: