ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հունվարի 12-ին չհայտարարված այցով ժամանել Է Պակիստան, որպեսզի բանակցություններ վարի երկրի անվտանգության հետ կապված իրադրության շուրջ: Reuters գործակալության տվյալների համաձայն՝ Պակիստանում պետքարտուղարը հանդիպում կունենա վարչապետ Նավազ Շարիֆի եւ զինվորական հրամանատարության հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

Պակիստանի ղեկավարության հետ Քերիի հանդիպումը կկայանա երկրի պատմության մեջ ամենաողբերգական ահաբեկչական գործողություններից մեկից մեկ ամիս չանցած, երբ ռազմական ուսումնարանի վրա զինյալների հարձակման հետեւանքով զոհվեց գրեթե 150 մարդ, այդ թվում՝ 130-ից ավելի սովորող:

 

Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, ԱՄՆ-ի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը Պակիստան Է ժամանել Հնդկաստանից, որտեղ նա մասնակցել Է ներդրումային գագաթնաժողովին: Հնդկաստանի Ահմեդաբադ քաղաքի օդանավակայան տանող ճանապարհին Քերիի ավտոմեքենայի հետ պատահար Է տեղի ունեցել, բայց պետքարտուղարը եւ նրան ուղեկցող անձինք չեն տուժել: