Արաբական երկրներն աջակցում են Լիբանանի կառավարությանը, բանակին և անվտանգության ուժերին ահաբեկչության դեմ պայքարում և կօգնեն Բեյրութին լուծել խնդիրները կապված սիրիացի փախստականների հետ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, այս մասին Արաբական երկրների լիգայի անդամ-երկրների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Քուվեյթի ԱԳ նախարար շեյխ Սաբահ ադ Խալիդ ալ Համադ աս Սաբահը:
Իր երկրի անունից նա ցավակցել է հունվարի 10-ին Տրիպոլի քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության համար, որի հետևանքով խաղաղ բնակիչներ էին զոհվել:
«Արաբների համար կարևոր է կայունությունը Լիբանանում, և մենք կօժանդակենք լիբանանյան կառավարությանը' լուծելու սիրիացի փախստականների հետ կապված հարցերը»,- նշել է նախարարը:
Նա նաև նշել է, որ Քուվեյթն ուսումնասիրում է երրորդ միջազգային դոնորական համաժողովի անցկացման վերաբերյալ հարցեր, համժողովում կորոշվի մարդասիրական օգնություն տրամադրել կարիքավոր սիրիացիներին և սիրիացի փախստականներին ընդունած երկրներին: Լիբանանի ՆԳՆ տվյալներով այդ երկրում փախստականների թիվը հասել է 1.7 միլիոնի:
Արաբական երկրների լիգայի գլխավոր քարտուղար Նաբիլ ալ Արաբին իր հերթին նշել է, որ Սիրիայում ձգվող ճգնաժամը կարող է կարգավորվել միայն քաղաքական ճանապարհով. «Մենք հույս ունենք, որ Կահիրեում, իսկ հետո Մոսկվայում ընդդիմության, կառավարության, ՄԱԿ-ի բանագնաց Ստեֆան դե Միստուրայի միջև կայացած հանդիպումները կհանգեցնեն ռազմական գործողություների դադարեցմանը, մասնավորապես, Հալպում»:
Քուվեյթի արտգործնախարարը և ԱԵԼ-ի ղեկավարը մտահոգություն են հայտնել Լիբանանի նախագահի թափուր պաշտոնի վերաբերյալ: Ապա հույս են հայտնել, որ մարտին կայանալիք միջարաբական համաժողովին ներկա կլինի նաև Լիբանանի նորընտիր նախագահը: