Ադրբեջանի Կենտրոնական բանկի արտարժույթային պաշարներն արագորեն կրճատվում են: ԿԲ-ն միլիարդավոր դոլարներ է ծախսում ազգային արժույթի' մանաթի փոխարժեքը կայուն պահելու համար:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, 2014 թվականի առաջին 11 ամիսներին ԱՄՆ դոլարի նկատմամբ մանաթի փոխարժեքը կայուն պահելու համար Ադրբեջանի ԿԲ-ն 1 մլրդ 270 մլն ԱՄՆ դոլար է գնել: Դեկտեմբերին ռուսական ռուբլու փոխարժեքի անկման Ադրբեջանի վրա ունեցած «հոգեբանական ճնշման» եւ անցյալ ամսվա կեսերին հարեւան երկրների արժույթների էժանացման հետեւանքով Ադրբեջանում մեծացել է ամերիկյան արժույթի պահանջարկը:

 

Արտարժույթի շուկայում «իրադրությունը» կայունացնելու համար Ադրբեջանի ԿԲ-ն 1 մլրդ 127 միլիոն դոլարի չափով «ինտերվեցիա է կատարել շուկայում», ինչը թույլ է տվել մանաթի փոխարժեքը պահել կայուն: Ներկայում Ադրբեջանի ԿԲ-ն կրկին վերադարձել է արտարժույթի գնումներին:

 

Ահռելի կորուստներով Ադրբեջանի ԿԲ-ն փորձում է կայուն պահել այդ երկրի ազգային արժույթը, քանի որ երկրի առաջնորդ Իլհամ Ալիեւը ադրբեջանական հասարակությանը խոստացել է մանաթի փոխարժեքը «կայուն պահել» նաեւ 2015 թվականին:

 

Փորձագետների կարծիքով' նավթի համաշխարհային գների սրընթաց նվազման պայմաններում Ադրբեջանի ԿԲ-ին հազիվ թե հաջողվի եւս որոշ ժամանակ կատարել երկրի առաջնորդի այդ «քմահաճույքը»: