«Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը հունվարի 12-ին Գյումրում տեղի ունեցած ոճրագործությունից հրաշքով փրկված Սերյոժա Ավետիսյանի խնամակալության համար կբացի հաշվեհամար եւ կտրամադրի 1 միլիոն դրամ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, «Նիգ-Ապարան» հայրենակցական միությունից տեղեկացրեցին, որ միությունն Ապարան քաղաքի հրապարակում ավանդաբար կազմակերպում էր հին տոմարով Նոր տարվա տոնախմբություն, որն այս անգամ չի կայանա:
«Հայտնում ենք, որ Գյումրի քաղաքում կատարված ողբերգական դեպքի կապակցությամբ այս տարի տոնակատարությունը չի կայանա: Այսօր՝ երեկոյան ժամը 18:00-ին, Ապարան քաղաքի Տիգրան Պետրոսյանի անվան հրապարակում մոմավառությամբ և հոգեհանգստի արարողությամբ հիշատակի տուրք կմատուցվի Ավետիսյանների հոգիների խաղաղության համար:
Հին Նոր տարվան նվիրված տոնակատարության համար նախատեսված միջոցները կհատկացվեն Ապարանի տարածաշրջանի' Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին, Արցախյան հերոսամարտում զոհված ազատամարտիկներին և բազմազավակ ընտանիքներին»,- հայտնել են «Նիգ-Ապարան»-ից:
Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, իսկ նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ է մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն: Նշանակվել են դատաբժշկական, դատատոքսիկոքիմիական, դատաձգաբանական փորձաքննություններ:
Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը: