Գյումրու քաղաքապետարանը հաշվեհամար է բացելու հունվարի 12-ի ողբերգական դեպքերից հետո ողջ մնացած փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի համար: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց համայնքի ղեկավարի մամուլի քարտուղար Լիլիթ Մակարյանը, հաշվեհամար է բացվելու՝ Գյումրու քաղաքապետարանի անմիջական հսկողության տակ:
«Հաշվի առնելով այն, որ առաջիկա օրերը բանկային համակարգում ոչ աշխատանքային են, հաշվեհամարը հասանելի կլինի հունվարի 19-ին, ինչի մասին կտարածվի համապատասխան հաղորդագրություն»,- նշեց Լիլիթ Մակարյանը:
Ի դեպ, ավելորդ շահարկումներից, ինչպես նաև կեղծիքներից խուսափելու համար, քաղաքապետարանը տարածել է հայտարարություն, որում ասվում է.
«Խնդրում ենք զգուշանալ ողբերգությունը սեփական շահերին ծառայեցնող դրամահավաքի, հաշվեհամարներ բացելու տարբեր անհատների և կազմակերպությունների հայտարարություններից, քանի որ Գյումրու քաղաքապետարանն անմիջականորեն համագործակցում է Ավետիսյանների ազգականների հետ և բոլոր քայլերը փոխհամաձայնեցված են նրանց հետ»,- նշված է հայտարարության մեջ:
Արմենուհի Մխոյան