Վաղ առավոտից ապրող ու արարող քաղաքի աղմուկը խեղդվում է Ազատության հրապարակում. այնտեղ լռություն է' հարգանքի տուրք' Ավետիսյանների ընտանիքի սպանված անդամների հիշատակին: Ժողովրդական սգի այս պահը միավորել է բոլորին. հրապարակում են տարեցներ ու մանուկներ: Մարդիկ գալիս են աշխատանքի գնալուց առաջ, վառվում են մոմեր: Փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի նկարի առաջ խաղալիքներ են:

 

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն: Երեխայի առողջական վիճակը հունվարի 19-ին վատացել էր:

 

Խորացել էր երիկամային և սրտանոթային անբավարարությունը: Սերյոժա Ավետիսյանի կյանքը փրկել չհաջողվեց: Հունվարի 19-ին, ժամը 17:02-ին երեխայի մոտ արձանագրվեց կենսաբանական մահ: Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության եւ փոքրիկ Սերյոժային բազմաթիվ վնասվածքներ հասցնելու գործով մեղադրյալը Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմական բազայի զինծառայող Վալերի Պերմյակովն է: