Գյումրիի ոճրագործությունից հետո հիվանդանոցում հայտնված ու հունվարի 19-ին Երևանում մահացած վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի աճյունը կտեղափոխվի հայրենի քաղաք: Փոքրիկի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 20-ին' ժամը 18:00-ին Սբ. Նշան եկեղեցում, իսկ հուղարկավորությունը հունվարի 21-ին՝ ժամը 13:00-ին: Աճյունը կամփոփվի հարազատների կողքին՝ «Շիրակ» գերեզմանատանը:

 

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամի սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից: Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն: Երեխայի առողջական վիճակը հունվարի 19-ին վատացել էր:

 

Խորացել էր երիկամային և սրտանոթային անբավարարությունը: Սերյոժա Ավետիսյանի կյանքը փրկել չհաջողվեց: Հունվարի 19-ին, ժամը 17:02-ին երեխայի մոտ արձանագրվեց կենսաբանական մահ: Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության և փոքրիկ Սերյոժային բազմաթիվ վնասվածքներ հասցնելու գործով մեղադրյալը Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմական բազայի զինծառայող Վալերի Պերմյակովն է: