Գյումրու «Ավստրիական մոր ու մանկան հիվանդանոց» տեղափոխված փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի վիճակն այս պահին դեռ գնահատվում է կայուն ծանր: Թեև, ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց հիվանդանոցի գլխավոր բժիշկ Աշոտ Կուրղինյանը, այս պահին նկատվում է շատ աննշան դրական դինամիկա :
«Երեխայի առողջական վիճակը գտնվում է ՀՀ Առողջապահության նախարարի անմիջական հսկողության տակ: Նրա հանձնարարականով և մեր հրավերով այս պահին հիվանդանոցում են մայրաքաղաքից ժամանած մասնագետները, ովքեր ողջ գիշեր մեր մասնագետների հետ միասին կհսկեն երեխայի առողջական վիճակը, բայց, ամենայն հավանականությամբ, վաղն առավոտ երեխան կտեղափոխվի Երևան»,- ավելացրեց Աշոտ Կուրղինյանը:
Գյումրիում 6 հոգանոց ընտանիքի սպանդի դեպքից միակ փրկված մի քանի ամսական Սերյոժա Ավետիսյանի վիրահատությունը բարեհաջող է ավարտվել: Նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Արմենուհի Մխոյան