Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանությունը մասնակցել է մոմավառությանը' ի հիշատակ ռուս զինվոր Վալերի Պերմյակովի հարձակման արդյունքում ծանր վիրավորված և հունվարի 19-ին մահացած վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գրառում է կատարվել Միացյալ Թագավորության «Թվիթեր»-ի միկրոբլոգում: «Մենք հայ հասարակության հետ մոմ ենք վառել գյումրեցի վեց ամսական Սեյոժա Ավետիսյանի հոգու հանգստության համար: Հանգչիր խաղաղությամբ, փոքրիկ տղա»,- նշված է «Թվիթեր»-ում արված գրառման մեջ:
Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն: Երեխայի առողջական վիճակը հունվարի 19-ին վատացել էր:
Խորացել էր երիկամային և սրտանոթային անբավարարությունը: Սերյոժա Ավետիսյանի կյանքը փրկել չհաջողվեց: Հունվարի 19-ին, ժամը 17:02-ին երեխայի մոտ արձանագրվեց կենսաբանական մահ: Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության եւ փոքրիկ Սերյոժային բազմաթիվ վնասվածքներ հասցնելու գործով մեղադրյալը Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմական բազայի զինծառայող Վալերի Պ երմյակովն է: