Արցախի Հանրապետությունից հայտագրված 50 դիմորդ չի կարող մասնակցել Հայաստանում հունվար-փետրվարին կազմակերպվող 2023/2024 ուստարվա բուհերի ընդունելության առաջին փուլի քննություններին։ Այս մասին այսօր՝ հունվարի 11-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ ԿԳՄՍ նախարարության գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը։
«Մենք անընդհատ կապի մեջ ենք Արցախի գնահատաման և թեստավորման կենտրոնի տնօրենի հետ։ Տեղեկացված ենք եղել, որ Արցախը նախապես չէր ուզում հունվար-փետրվար ամսիներին կազմակերպել քննություններ։ Իսկ նրանք, ովքեր ցանկություն ունեին մասնակցել Հայաստանում անցկացվող հունվարյան քննություններին, ապա պետք է հայտագրվեին ու քննությունները հանձնեին Գորիսում։ Սակայն թշնամու կողմից ճանապարհի շրջափակման պատճառով այդ դիմորդները հնարավորություն չունեն գալ Գորիս ու հանձնել քննություն։ Այդ հարցը մեզ ու Արցախի համար մնում է առկախված։ Բնականաբար, խախտվում է երեխայի քննություն հանձնելու իրավունքը նաև այս տարբերակով»,- ասաց Նասիբյանը։
Նա ընդգծեց, որ հիմա Արցախի ԿԳՄՍ նախարարության հետ պետք է քննարկեն, գուցե երկրորդ հնարավորություն տան արցախցի դիմորդներին։