Երեկ հանդիպել եմ ՌԴ Արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը։

Նա նաեւ նշել է. «Ջերմ բարեկամական մթնոլորտում քննարկել ենք մի շարք կարևոր հարցեր, որոնք ուղղված են Հայաստան-ՌԴ առևտրատնտեսական հարաբերությունների և արդյունաբերության ոլորտում համագործակցության խորացմանը։

Քննարկման ընթացքում անդրադարձել ենք 2020թ․-ին Հայաստանի և Սվերդլովսկի մարզի միջև համատեղ ստեղծված աշխատանքային խմբի աշխատանքների ակտիվացմանը, քննարկել ենք Հայաստանի ազատ տնտեսական գոտիներում ռուսական ընկերությունների գործունեության ծավալման հեռանկարները, ինչպես նաև Հայաստանում արևային պանելների արտադրության մեջ ռուսական ընկերությունների մասնակցության հնարավորությունները»։