Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանն արձանագրություն են ստորագրել Եվրասիական տնտեսական միության պայմանագրի շրջանակներում նախագծային և շինարարական շուկա կազմակերպությունների մուտքի միասնացման աշխատանքային խմբերի ստեղծման վերաբերյալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում ան ելով ՌԻԱ Նովոստիին, ասված է ՌԴ-ի շինարարության և բնակարանային-կոմունալ տնտեսության նախարարության հաղորդագրության մեջ:

 

Դրանում նշված է, որ հունվարի 13 – 14-ը Մինսկում (Բելառուս) կայացած բանակցությունների ընթացքում երեք պետությունների շինարարական նախարարությունների ներկայացուցիչները քննարկել են ԵՏՄ-ի պայմանագրի և Մաքսային միության շրջանակներում փոխգործակցության հիմնական ասպեկտները՝ առանձնահատուկ ուշադրություն նվիրելով շինարարական ծառայությունների միասնական շուկայի ստեղծման հարցերին:

 

«Մինսկում կայացած աշխատանքային հանդիպմանը հանգամանորեն քննարկվել են այն գործնական քայլերը, որոնք կհանգեցնեն ԵՏՄ-ի պայմանագրի շրջանակներում նախագծային և շինարարական ծառայությունների շուկա կազմակերպությունների մուտքի միասնացման, նշվել են նորմատիվային-իրավական բազայի ներդաշնակեցման պլանի ժամկետներն ու առաջնահերթությունները:

 

Բանակցությունների հանգուցային արդյունքը դարձել է աշխատանքային խմբերի ստեղծման որոշումը, որոնցում կքննարկվեն հիշյալ հարցերը»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ: