Այցով ԱՄՆ ժամանած Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը եւ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հունվարի 16-ին քննարկելու են տնտեսական զարգացման, առեւտրի եւ անվտանգության հարցեր, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Սպիտակ տանը:
Բանակցություններից հետո նրանք պլանավորում են պատասխանել ամերիկացի եւ բրիտանացի լրագրողների հարցերին:
«Ինտերֆաքս»-ը նշում է, որ հունվարի 15-ի երեկոյան Օբաման աշխատանքային ընթրիք է տվել Մեծ Բրիտանիայի վարչապետի օգտին:
Times թերթում հունվարի 15-ին հրապարակված համատեղ հոդվածում Քեմերոնը եւ Օբաման հավաստել են, որ Մեծ Բրիտանիան եւ ԱՄՆ-ը «կշարունակեն ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ Ուկրաինայի ճգնաժամը դիվանագիտական ճանապարհով կարգավորելու համար»: Նրանք նշել են, որ իրենք «կշարունակեն դիմակայել Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններին», որոնք, քաղաքական գործիչների կարծիքով, «ագրեսիվ են»: «Եթե մենք թույլ տանք, որ միջազգային իրավունքի նման արմատական խախտումներն անպատիժ մնան, ապա կտուժենք անկայունությունից, որը կհետեւի դրան,- պնդում են Քեմերոնը եւ Օբաման:- Մենք աներկիմաստ ազդանշան ենք ուղարկել. միջազգային հանրակցությունը չի աջակցելու Ուկրաինան ապակայունացնելու Ռուսաստանի փորձերին»:
Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի ղեկավարները մտադրություն են հայտնել այսուհետեւ էլ օգնություն ցուցաբերել Կիեւին տնտեսության եւ ժողովրդավարության ամրապնդման գործում: